Ամփոփվեց «Eco Challenge Armenia» էկոկրթական ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News

Օգոստոս 17-ին Ստեփանավանի Դենդրոպարկում ամփոփվել է «Eco Challenge Armenia» էկոկրթական ծրագիրը, որը մեկնարկել էր օգոստոսի 10-ին Բուսաբանական այգում։ Այս մասին հայտնում են «Կանաչ ապագա» բնապահպանական ՀԿ-ից: 

«Կանաչ ապագա» բնապահպանական հասարակական շարժման կողմից իրականացվող էկոդպրոցին մասնակցել են շրջակա միջավայրի պահպանությունը կարևորող շուրջ 20 ակտիվ երիտասարդներ, որոնք 5-օրյա ինտերակտիվ դասընթացներից հետո մեկնել են Լոռի` մասնակցելու 2-օրյա էկո-ճամբարին։

Ծրագրի ընթացքում անցկացվել են դասախոսություններ գլոբալ տաքացման, հանքարդյունաբերության, սննդի անվտանգության, անտրոպոգեն ազդեցությունների և ՀՀ ջրային ռեսուրսների թեմաներով: Դասախոսությունները վարել են փորձառու մասնագետներ Գայանե Փարսադանյանը (կ.գ.թ., դոցենտ), Կարեն Ղազարյանը (կ.գ.թ., դոցենտ), Լուսինե Համբարյանը (կ.գ.թ., դոցենտ), Վահագն Վարագյանը (կ.գ.թ.), Գոռ Գևորգյանը (կ.գ.թ.,), Նիկոլայ Ավթանդիլյանը (կ.գ.թ., դոցենտ) և Անիտա Գևորգյանը: Մասնակիցներն ինտերակտիվ խաղ-մրցույթների միջոցով ամրապնդել են օրվա ընթացքում ստացած բնապահպանական գիտելիքները՝ մղելով թեժ թիմային պայքար:

«Eco Challenge Armenia-ի նպատակն է նպաստել  էկոլոգիական գիտելիքների ձևավորմանն ու տարածմանը, սերմանել հետաքրքրություն Հայաստանում առկա բնապահպանական խնդիրների նկատմամբ, ինչպես նաև նպաստել բնության պահպանության գործընթացին հասարակության ներգրավածությանը»,- նշում է «Կանաչ ապագա» բնապահպանական հասարակական շարժման  ղեկավար Վահագն Վարագյանը:

Էկոդպրոցի մասնակիցները մշակել են բնապահպանական ծրագրեր, որոնց իրականացումը նպաստելու է  շրջակա միջավայրի պահպանությանը:

--00--ԱԹ