Մի՛ տրվեք վախի և խուճապի, մի՛ տրվեք անապագայության քարոզին. ամեն օր նրանք ձեզ խաբում են 

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, 24News

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսաուղերձի ժամանակ դիմել է ժողովրդին՝ հորդորելով խուճապի չմատնվել:

«Սիրելի՛ ժողովուրդ, մի՛ տրվեք վախի և խուճապի: Թույլ մի՛ տվեք, որ մեր խոցված հպարտությունը և վիրավորված արժանապատվությունը ոտնատակ անեն: Մի՛ տրվեք անապագայության քարոզին: Այո՛, հավատացեք միայն ու միայն պաշտոնական տեղեկատվությանը: Ամեն օր նրանք ձեզ խաբում են: 

Ճշմարտությունը, որքան էլ դառը լինի, մենք երբեք ձեզնից չենք թաքցրել: Այո՝ պատերազմի ժամանակ ճշմարտությունն ասվել է պատերազմի կանոններով: Վերանայեք առաջին օրվանից ասվածը եւ կտեսնեք, որ ամբողջ ճշմարտությունը մատուցվել է, ամբողջ ճշմարտությունը ասվել է՝ պատերազմի կանոններով, բայց ուշադիր ընթերցողը և ուշադիր ունկնդիրը ամեն ինչ կարող էր կարդալ այնտեղ»,-ասել է նա:

Փաշինյանը նաև տեղեկացրել է, որ ճշմարիտ իրավիճակի մասին ասվել է խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերի հետ իր հանդիպումների ժամանակ:

«Ես այդ հանդիպումներին հստակ ասել եմ, որ իրենց հրավիրել եմ ամեն ինչ պատմելու համար, որովհետև այդ ամենը, ինչ իրենց եմ պատմել, հրապարակային հնարավոր չէ ասել պատերազմական իրավիճակի պատճառով, բայց նաև չեմ ուզում ստացվի, թե թաքցնում ենք ճշմարտությունը: Եվ, ի դեպ, այն ուժերը, որ պատերազմի առաջին օրից ասում էին, որ բոլոր հնարավոր միջոցներով, ամեն գնով պետք է կանգնեցնել, այստեղից դուրս գալուց հետո ուրիշ պրոցեսներ էին նախաձեռնում, ասում էին՝ այո, թող ամեն գնով կանգնեցնեն, հետո մենք դա կտեսնենք՝ ոնց կօգտագործենք մեր քաղաքական նպատակների համար: Եվ նրանք այսօր շատ վատ են զգում և զարմացած են, որ դա չի ստացվում իրենց մոտ»,-ասել է Փաշինյանն ու հավելել, որ այսօրվա հիմնական խնդիրը ապագայի կառուցումն է: Իսկ մինչ այդ մենք պետք է վերադարձնել մեր զոհերի մարմինները, մեր հարգանքի տուրքը մատուցել նրանց:

«Վերադարձնենք մեր գերիներին, պիտի հայտնաբերենք այն տղաներին, ովքեր հնարավոր է՝ պատսպարված են ռազմական գործողությունների գոտում՝ որևէ տեղ: Պիտի ապահովենք Լաչինի միջանցքի անխափան գործունեությունը, պիտի ապահովենք արցախցիների վերադարձը, պիտի լուծենք սահմանային ամենահրատապ և կնճռոտ հարցերը, որոնց շուրջ հնարավոր է նորանոր աղմուկներ բարձրանան, բայց մենք պիտի անցնենք այդ ճանապարհը»,-ասել է Փաշինյանը և հավելել, որ ամեն ինչի մասին մանրամասն կտեղեկացնեն այնքան, որքան հնարավոր կլինի, այն է՝ առանց վնասելու Հայաստանի Հանրապետության և Արցախի շահերը:

Վարչապետը նաև հանրության վստեահեցրել է, որ իրենք ժողովրդի առաջ ազնիվ են լիովին:

«Բայց չի նշանակում, որ մենք անթերի ենք: Սա չի նշանակում, որ մենք ճիշտ ենք ամեն ինչի մեջ, սա չի նշանակում, որ մենք չենք սխալվել ու չենք սխալվելու: Բայց մենք ամեն ինչ մեջ ձեզ հետ եւ ձեր առաջ ազնիվ ենք լիովին: Ու մենք կհաղթահարենք այս փորձությունը, միասին կհաղթահարենք: Իմ խոնարհումը մեր բոլոր նահատակների ու նրանց ընտանիքների անդամների առաջ»,-ասել է Փաշինյանը:

--00—ԼՄ