Ժամանակն է տեսակավորել կենցաղային թափոնները. Հայկ Մարության

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

նկար

Աջափնյակը և Դավթաշենը առաջին վարչական շրջաններն են, որտեղ սկսում ենք տեղադրել տեսակավորման համար նախատեսված թափոնամանները, ֆեյսբուքում գրել է Երևանի  քաղաքապետ Հայկ Մարությանը։

Քաղաքապետը երևանցիների տեղեկացրել է, որ վերը նշված համայնքներում  ստեղծված 16 կետերում «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը տեղադրում է 3-ական տեսակի տարագույն թափոնամաններ:

Կենցաղային աղբի համար նախատեսված «սովորական» աղբամանների կողքին տեղադրված այս թափոնամանները հնարավորություն կտան մեր բնակչությանը՝ աստիճանաբար յուրացնել աղբի տեսակավորման մշակույթը՝ առանձնացնել այն տանը և թափել բնակարանի մերձակայքում տեղադրված ամաններում:

Դեռ 2019-ից պլանավորված այս գործընթացով մենք մի քանի կարևորագույն նպատակ ենք հետապնդում՝ սկսած բնապահպանականից, վերջացրած տնտեսական որոշակի արդյունքով:

Այսպիսով, եթե տեսնեք Ձեր շենքի մոտակայքում տեղադրված նոր թափոնամանները, իմացեք, որ՝

դեղինը նախատեսված է թղթի, ստվարաթղթի համար: Խիստ ցանկալի է, որպեսզի ստվարաթղթե արկղերը թափոնամանները նետվեն բացելուց և ծալելուց հետո.

կապույտը՝ պլաստիկի համար: Այս թափոնամանները նախատեսված են բոլոր այն թափոնների համար, որոնք պլաստիկի հիմքով են պատրաստված՝ պոլիէթիլենային տոպրակներ, շշեր, բաժակներ և այլն.

փոքր մոխրագույն/սև թափոնամանները ապակու համար են: Այստեղ հավաքում ենք ապակե թափոնները՝ ոչ միայն շշերը և այլ սպասք, այլև, օրինակ՝ պատուհանի կոտրված ապակի և այլն:

Մեր մասնագետները և վարչական շրջանների համապատասխան անձնակազմը թափոնամաններից օգտվելու առանձնահատկությունների մասին ընթացքում առավել մանրամասն տեղեկատվություն կտան։

--00—ԼՄ