Բելգրադում վաճառվող «Արցախ» բրենդի ալկոհոլային խմիչքի վաճառքը զայրացրել է ադրբեջանցիներին

 

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 5, 24News

Thumbnail

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադի Նիկոլա Տեսլայի անվան օդանավակայանում գործող Duty Free խանութում «Արցախ» բրենդի ալկոհոլային խմիչքների վաճառքը խիստ բարկացրել է տեղի ադրբեջանցիներին, ինչի կապակցությամբ Սերբիայում Ադրբեջանի դեսպանությունն անգամ բողոքի նոտա է հղել Սերբիայի իշխանություններին:

Խմիչքները վաճառվել են խանութի Armenian Flavours անվանումը կրող հատուկ անկյունում: Այստեղ վաճառվել են «Արցախ» բրենդի գինիներ, կոնյակներ և օղիներ:

Հայտնի է, որ ադրբեջանական կողմը պահանջել է, որ ապրանքներն անհապաղ հանվեն վաճառքից:

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցի՝ խմիչքներն արդեն դուրս են բերվել խանութից:

Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ տարբեր երկրներում բնակվող ադրբեջանցիները պահանջում են վերացնել խանութներից «Արցախ» անվան հետ կապված ապրանքները:

Ավելի վաղ մի խումբ ադրբեջանցիներ սկանդալ էին սարքել Մոսկվայի սուպերմարկետներից մեկում՝ պահանջելով վաճառվող ապրանքների շարքից վերացնել Արցախում արտադրված թթի դոշաբը: Այդ ժամանակ խանութի ղեկավարները դիմել են փաստաբանների, որոնք Ռուսաստանի օրենսդրության և ոչ մի կետի խախտում չեն արձանագրել:

Տեսանյութեր

Live

Լրահոս