Դատախազությունն ընտրել է «ֆեյսբուքյան» արդարադատություն. ԲԴԽ-ն՝ դատախազի խորհրդականին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

նկար

ԲԴԽ աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արման Խաչատրյանը հայտարարություն է տարածել:

«Ծանոթացա Գլխավոր դատախազության՝ իր խոսնակի միջոցով ֆեյսբուքում հրապարակած «մտահոգություններին» կոնկրետ դատական ակտի վերաբերյալ:

Դատախազությունն այն մարմինն է, որը լավագույնս է տիրապետում իր կարծիքով ոչ իրավաչափ դատական ակտերի բողոքարկման հնարավորությունների ողջ գործիքակազմին, սակայն, այնուամենայնիվ, տվյալ պարագայում ընտրել է «ֆեյսբուքյան» արդարադատությունը:

Ակամա հարցեր են առաջանում. այսուհետ նման ձևաչափը համարել ընդունելի՞: Եթե՝ այո՛, այդ դեպքում խնդրում եմ հրապարակել դատական ակտերի ցանկ, որոնց կապակցությամբ հակված եք համացանցում հանրային քննարկումներ ծավալել»,- նշված է Խաչատրյանի տարածած հայտարարությունում:

Ավելի վաղ գլխավոր դատախազության խոսնակ Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրառում էր արել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմանը, այն է՝ մերժել Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքի ընթացքում զինված հեղաշրջում կատարելու կոչ արած անձի՝ քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված Ս․ Կ․-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ նախաքննական մարմնի միջնորդությունը։ Ըստ Աբրահամյանի՝ դատարանն այս որոշումը կայացրել է մի իրավիճակում, երբ ակնհայտ է պատերազմից հետո հանրապետությունում մեծ թվով ապօրինի զենք-զինամթերքի առկայությունը:

--00—ԼՄ