Թշնամին մեր միասնությունից է վախենում, եթե թերանանք, կկործանվենք. Կոմանդոսի ուղերձը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 25,  24News

կոմանդոս.jpg

«Ձայն հայրենեաց» նախաձեռնության երրորդ հավաքի ժամանակ հնչեցվեց Արցախի հերոս, Շուշիի ազատագրման գործողության ղեկավար, գեներալ մայոր լեգենդար Կոմանդոսի ուղերձը:

Դրանում, մասնավորապես, ասվում է.

«Ես տեսնում եմ այստեղ մեր ժողովրդի այնպիսի ներկայացուցիչների, ովքեր մտահոգ են իրենց երկրի վիճակով, տեսնում են, որ վտանգված է հայրենիքը, պետականությունը։

Գիտենք, որ բոլոր ժամանակներում հայի ինքնությունը պահել և պահպանել է մեր մշակույթը, լեզուն և կրոնը։ Սրանք այն հիմքային քաղաքակրթական արժեքներն էին, որոնց հետ համադրվելով՝ մեր մյուս հատկություններն ու արժանիքները պայմանավորել են մեր գոյությունը հազարամյակներ ի վեր։

Առանց այդ արժեքների՝ այսօր մենք չէինք ունենա մեր տեղը աշխարհի և քաղաքական քարտեզի վրա, ուրեմն առավել քան կարևորվում է մշակույթի, գիտության, կրթության, և եկեղեցու մեր գործիչների այսպիսի միասնությունը համատեղ հանդես գալու այս նախաձեռնությունը։ Սակայն, ստեղծված իրավիճակից պատվով դուրս գալու համար, մենք պարտավոր ենք համախմբվել ազգովի և օգտագործել մեր հասարակության առողջ ուժերի բոլոր ոլորտների պրոֆեսիոնալ և հեղինակավոր ներկայացուցիչների ամբողջական ներուժը։

Մենք պետք է կարողանանք պահպանել Հայաստանից և Արցախից այն, ինչ մնացել է, ապահով պետության և նրա կառավարման համակարգի կայունությունը զարգանա այդ տեմպերով և հիմքեր ստեղծենք կորցրածը վերականգնելու համար։

Սիրելի ներկաներ, վստահ եմ՝ գիտեք, թե որն է իմ նպատակը, իմ երազանքը, ես իմ հայրենիքին տվել եմ և շարունակում եմ տալ իմ պարտքը՝ որպես Հայկական բանակի սպա։ Ես չեմ հետապնդում որևէ անձնական նպատակ: Այսօր հասունացել է մի իրավիճակ, որ  պետք է բոլորս վեր կանգնենք մեր նեղ անձնական, քաղաքական և այլ շահերից, եթե այդպիսիք կան, և բռունցք դարձած՝ մեկ մարդու պես մտածենք և գործենք։

Ես վստահ եմ՝ եթե մի ազգի  ճանաչված եւ հեղինակավոր ներկայացուցիչներ միասնաբար ոտքի կանգնեն, այսօրվա խնդիրների լուծման վերաբերյալ ձեւակերպեն իրենց միասնական դիրքորոշումը, գործողությունների հաջորդականությունն ու պլանը, համատեղ  կոչով հանդես գան ժողովրդի առաջ, ապա այդ նույն ժողովրդի առողջ հատվածը մեծ ձգողությամբ կհամախմբվի նրանց շուրջ, կձևավորվի հսկայական մի  ուժ, որի առջև չդիմանա և ոչ մի ապիկար իշխանություն։

Դրանից հետո միայն կստեղծվի հնարավորություն, որ մենք անցնենք մեր բուն գործին։ Ուրեմն եկեք գիտակցենք, որ հենց մեզնից է կախված մեր պետության և ժողովրդի ճակատագիրը, հիշենք, որ այսօրվա մեր թշնամին, ինչպես միշտ, նենգ է և վախկոտ։ Նա հենց այդպիսի միասնությունից է վախենում, եթե հապաղենք կամ թերանանք մեր անելիքում, ապա հետևանքը կլինի լիակատար կործանում»:

--00--ԱԹ