ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 9, 24News
Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը մերժել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար վերջին չորս տարում Հայաստանում մշտական բնակվելու համար տեղեկանք ստանալու մասին 57 քաղաքացու դիմում: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկատվական կենտրոնում հայտնել է անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը:
«Վերջին չորս տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու տեղեկանք ստանալու համար դիմել է 2230 անձ։ Օրենքով սահմանված տվյալներին չբավարարելու հիմքով մերժվել է 57 քաղաքացու դիմում։ ԸՕ-ի համաձայն՝ ԱԺ պատգամավոր կարող է ընտրվել 25 տարին լրացած, վերջին չորս տարում միայն Հայաստանի քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք»,- ասել է Բիչախչյանը։:
Նրա խոսքով` մեր երկրում հաշվառում չունեցող քաղաքացիները համապետական ընտրություններին կարող են մասնակցել լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելով, սակայն ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձինք ԱԺ ընտրություններին չեն կարող մասնակցել: