Խորհրդարանում քննարկվել են ԶԼՄ մասին օրենքում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

ԱԺ

ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որում անդրադարձ է կատարվել «Զանգվածային լրատվության մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններին ու լրացումներին: Այս մասին հայտնում են ՀՀ ազգային ժողովից: 

Նախագծի համահեղինակ Արթուր Հովհաննիսյանը, որը նաև նախկին լրագրող է, ԱԺ «Իմ քայլը»  խմբակցության պատգամավորներ Համազասպ Դանիելյանի, Հայկ Կոնջորյանի, Սարգիս Խանդանյանի, Վահագն Հովակիմյանի և Թագուհի Ղազարյանի  հետ առաջարկում է կարգավորել ԶԼՄ դաշտը՝  լրատվամիջոցներին արգելելով տեղեկություն հրապարակելուց հղում տալ անանուն աղբյուրների: Նախագծով անանուն աղբյուր են համարվում այն բոլոր դեպքերը, երբ համացանցում գրանցված դոմեյնը, հոսթինգ ունեցող կայքը, համացանցային կայքի կամ հավելվածի օգտահաշիվը կամ ալիքը տնօրինողների նույնականացման տվյալները թաքցված են ընթերցողից:

Նախագծի ընդունմամբ չի արգելվելու անհայտ ծագումնաբանությամբ լուրերի հրապարակումը. արգելվելու է դրանց անանուն աղբյուրներին հղում տալն ու դրանով նրանց գովազդելը:

Ըստ հիմնավորման՝ անհայտ ծագումնաբանությամբ աղբյուրների տարածումը՝ դրանց հղում կատարելու միջոցով, կարող է ազգային անվտանգությանը սպառնացող ռիսկեր առաջացնել: «Ինտերնետ հանրություն» ՀԿ վարչության անդամ, Ինտերնետ կառավարման խորհրդի քարտուղար Գրիգոր Սաղյանը կարծում է, որ նախագիծը խնդրահարույց է, քանի որ նրանում տեղ գտած կարգավորումներն ավելի շատ վնաս կարող են տալ, քան օգուտ: Այս տեսակետին համակարծիք էր նաև «Ինտերնետ հանրություն» ՀԿ վարչության անդամ Վահան Հովսեփյանը:

Գրիգոր Սաղյանն առաջարկել է վերանայել նախագծում առկա սահմանումները և հստակեցնել «ֆիզիկական անձ» հասկացությունը, եթե այն ԶԼՄ է: Փորձագետի դիտարկմամբ՝ պետք է նաև հստակեցնել,   թե ինչպես է հնարավոր նույնականացնել տվյալ ֆիզիկական անձին այն դեպքում, եթե այն ԶԼՄ է, և թե ինչպես է այն առնչվելու «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքին: Նախագծի ընդունումն այս տեսքով խնդրահարույց է համարվել, քանի որ ՀՀ օրենսդրության մեջ բացակայում է  «համացանցային ալիք» տերմինը, հստակ չէ նաև, թե ինչ է պետք հասկանալ «դոմեյն» ասելով:

Գրիգոր Սաղյանը նշել է, որ հաճախ կայքերում նշված հեռախոսահամարներն ու էլեկտրոնային հասցեները սխալ են լինում, և հնարավոր չի լինում պարզել դրանց իսկությունը:

«Կա նաև մեկ այլ խնդիր. կայքերը պարզապես կարող են դուրս գալ «am» դոմեյնից և մտնել «com» դոմեյն՝ այդպիսով դուրս գալով վերահսկողությունից»,- նշել է Սաղյանը:

Նախագիծը բարեփոխելու նպատակով փորձագետներն առաջարկել են անցկացնել խորհրդարանական լսումներ, ինչը հեղինակներն ընդունելի են համարել:

--00--ԱԹ