Թուրք-ամերիկյան նոր սկանդալ է հասունանում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

Թուրքիա-ԱՄՆ

Թուրք-ամերիկյան նոր սկանդալ է հասունանում: Ինչպես հայտնում է ՌԻԱ-Նովոստին, ԱՄՆ պետքարտուղարն ու Թուրքիայի ԱԳ նախարարը վերջին սրացման ֆոնին հեռախոսազրույց են ունեցել: Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն մտահոգություն է հայտնել Քրդական աշխատավորական կուսակցության անդամների կողմից թուրքերի սպանության առթիվ, իսկ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Անկարային կոչ է արել հրաժարվել ռուսական C-400-ներից:

Իրաքի հյուսիսում կատարված գործողության ընթացքում թուրք զինվորականները գտել են իրենց 13 քաղաքացիների դիակները: Թուրքիան դրանում մեղադրեց Քրդական աշխատավորական կուսակցությանը: ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարեց, որ խստորեն դատապարտում է սպանությունը, եթե «դրան Քրդական աշխատավորական կուսակցության մասնակցությունը հաստատվի»:

Էրդողանը քննադատեց ԱՄՆ դիրքորոշումը, նշեց, որ ԱՄՆ-ն ՔԱԿ-ն համարում է ահաբեկչական կազմակերպություն, սակայն շարունակում է համագործակցել Սիրիայի քրդերի հետ, մինչդեռ Անկարայում քրդական կազմակերպությունները համարում են փոխկապակցված: 

«Եթե մենք շարունակում ենք ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ դաշնակցային հարաբերությունները, ապա դուք չեք կարող կանգնել ահաբեկիչների կողքին: Դուք պատասխանատվություն եք կրում 13 անզեն անմեղ մարդկանց ստոր մահապատժի համար»,- հայտարարել է Էրդողանը:

Ի դեպ, քրդերը տեսանյութ են տարածել, որից ակնհայտ է դառնում` թուրք զինվորականներն իրենք են սպանել իրենց հայրենակիցներին:

--00--ԱԹ