«Իսկանդերների» մասին խոսելով`Փաշինյանը փորձել է արդարանալ իր ձախողման համար. Սիվկով

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

Սիվկով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն «Իսկանդերների» մասին իր արտահայտություններն արել է քաղաքական պատճառներով՝ փորձելով իր ձախողման համար արդարանալ արևմտյան գործընկերների աչքերում: Այս մասին ВЗГЛЯД-ի հետ զրույցում հայտնել է ռազմական փորձագետ Կոնստանտին Սիվկովը` մեկնաբանելով Փաշինյանի հայտարարությունը, թե ԼՂ-ում պատերազմի ընթացքում կրակած «Իսկանդեր» հրթիռները չեն պայթել կամ ընդամենը 10 տոկոսով են պայթել:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում «Իսկանդեր»-ի կիրառման մասին տեղեկություններ չկան: Միևնույն ժամանակ հրթիռները, որ ընկել են Ադրբեջանի տարածքում, հայտնի են բոլորին: Բաքուն դրանք ցուցադրել է»,- ասել է նա:

Փորձագետը պարզաբանել է, որ «Իսկանդերներն» իրենց չափերով բավական մեծ հրթիռներ են: 

«Դա նշանակում է, որ դրանց ընկնելը հակառակորդի համար աննշմար չէր կարող լինել: Քանի որ Ադրբեջանը ցույց չի տվել իր տարածքում ընկած այս տեսակի որևէ հրթիռ, մենք կարող ենք եզրակացնել, որ նման դեպքեր չեն եղել»,- ասել է նա:

Բացի այդ, Սիվկովը նշում է` դժվար թե Ադրբեջանի տարածքում աշխատում են հայ փորձագետներ, որոնք վերլուծում են այնտեղ ընկած հրթիռների վիճակը և այդ մասին զեկուցում Փաշինյանին: Նա հիշեցրել է, որ «Իսկանդերները» արդյունավետ են կիրառվել Սիրիայում. «այնտեղ դրանք բոլորը պայթել են», ուստի Հայաստանի ղեկավարը չունի որևէ ապացույց հրթիռների վատ որակի մասին:

«Բացի այդ, երեքուկես ամիս է անցել Լեռնային Ղարաբաղի պատերազմի ավարտից, և այս ամբողջ ընթացքում ոչ ոք չէր խոսում ռուսական զենքի որակի մասին: Ինչո՞ւ հանկարծ Փաշինյանը սկսեց խոսել այդ մասին: Ես այստեղ տեսնում եմ միայն քաղաքական պատճառ: Նա փորձում է արդարանալ իր արևմտյան գործընկերների աչքում ձախողման համար»,- ասել է նա:

--00--ԱԹ