Հայաստան ենք հրավիրել ֆուտբոլային լեգենդար մասնագետի․ հունվարի 6-ին կասենք՝ ով է․ Վանեցյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 17, 24News

Thumbnail

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանն Ազատություն TV-ին տված հարցազրույցում անդրադարձել է հայկական ֆուտբոլին՝ նշելով, որ փորձում է  նախկիններին գնահատականներ չտալ:

«Այսօր, ցավոք, չունենք այն հիմքը, որի վրա կառուցելու ենք հետագա ֆուտբոլային հաջողությունները», - ասել է Վանեցյանը՝ նկատելով, որ հասարակության շրջանում կա մի պատկերացում, ըստ որի՝ ՀՖՖ-ի նախագահի աշխատանքը գնահատում են ազգային հավաքականի արդյունքներով:

«Ջիբրալթարից կրած պարտությունից հետո ես դարձել էի հասարակության ամենամերժված մարդը: Ինչ ասես՝ ասում էին, գոռում էին: Դրանից հետո հաղթեցինք Մակեդոնիային, ու երբ դուրս եկա ստադիոնից, 10 հազար մարդ կանգնած իմ անունն էր վանկարկում: Իհարկե, հասարակությունն այդպես է գնահատում, բայց հայկական ֆուտբոլի զարգացման մեր տեսլականն այլ է: Այսօր մենք խնդիր ունենք Հայաստանում զարգացնել մանկապատանեկան ու մասսայական ֆուտբոլը: Դրա համար պետք են դաշտեր, գնդակներ և ամենակարևորը` մարզիչներ:

Այցելել եմ Ցյուրիխ, հանդիպել եմ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ, Դուբլինում հանդիպում եմ ունեցել ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինի հետ, ու մենք պայմանավորվածություններ ենք ձեռք բերել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային որոշակի ֆինանսական միջոցներ տրամադրելու վերաբերյալ, որպեսզի կարողանանք կառուցել փոքր դաշտեր: Առաջին 5 տարում ցանկանում ենք Հայաստանում շուրջ 700 փոքր դաշտ կառուցել: 2019 թվականին մենք Վայոց Ձորի մարզում 12 փոքր դաշտ ենք կառուցելու, կառուցելու ենք Եղեգնաձորի մարզադաշտը, ֆուտբոլի դպրոց ենք կառուցելու Մարտունիում, արդեն իսկ սկսել ենք ֆուտբոլի դպրոց կառուցել Սիսիանում, Էջմիածնում:

Ծանր բանակցությունների արդյունքում կարողացել ենք Հայաստան հրավիրել լեգենդար մի մասնագետի, ում անունը հիմա չեմ կարող ասել: Հունվարի 6-ին կասենք նրա անունը: Նա ֆուտբոլային աշխարհում լեգենդար մարդ է, ով համաձայնել է գալ, բնակվել Հայաստանում, մարզել մեր մարզիչներին ու գրել ֆուտբոլի զարգացման ծրագիր:

Այն երկիրը, որտեղ նա աշխատել է վերջին 20 տարիներին ֆուտբոլային քարտեզում առաջատար դիրք է զբաղեցնում: Նա ունեցել է աշխարհի 9, Եվրոպայի` 6 չեմպիոն: Այսօրվա ֆուտբոլային աստղերի մեծամասնությունը եղել են անձամբ իր աշակերտները: Ինքը մեծահասակների ազգային հավաքականներ երբեք չի մարզել, աշխատել է մինչև 16, 17, 18, 19, 21 հավաքականների հետ:

Այսինքն՝ մենք բերում ենք մարդ, ով գրելու է մեր ֆուտբոլի զարգացման ծրագիրն ու հիմք է դնելու լուրջ ֆուտբոլային մոտեցումների: Ոչ ոք չէր հավատում, որ այդ մարդուն կկարողանանք համոզել բերել Հայաստան: Նա այսօր ՈւԵՖԱ-ում անցկացնում է մարզիչների սեմինարներ Եվրոպայի բոլոր երկրների համար: Երբ մեզ հետ պայմանագիր կնքի, բոլորի համար այդ դասերը կկարդա արդեն Հայաստանի դրոշի ներքո»,- ասել է Արթուր Վանեցյանը: