Վարչապետի «չընտրությունը» կայացավ․ ԱԺ հաջորդ հատուկ նիստը մայիսի 10-ին է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, 24News

Իրավունքի ուժով գումարված Ազգային ժողովի հատուկ նիստի ժամանակ, քաղաքական բանավոր պայմանավորվածության համաձայն, խորհրդարանական ընդդիմադիր ուժերը չառաջադրեցին վարչապետի թեկնածու։ Միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն էր, որին, նույն պայմանավորվածության համաձայն, պատգամավորները չընտրեցին վարչապետ։

Քվեարկության համաձայն՝ վարչապետի թեկնածուին կողմ էր 1 պատգամավոր, դեմ՝ 3, ձեռնպահ՝ 75։ «Իմ քայլը» վարչապետի թեկնածությանը քվեարկեց ձեռնպահ։ Այդ մասին հայտատարեց իշխող խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

Ըստ Սահմանադրության՝ հաջորդ հատուկ նիստը 1 շաբաթից է լինելու՝ մայիսի 10-ին, որի ժամանակ կրկին չի ընտրվի վարչապետ, և ԱԺ-ն ցրվելու է, նշանակվելու են խոհրդարանական արտահերթ ընտրություններ։

Նշենք, որ այսօր «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չէր ներկայացել հատուկ նիստին, ներկա էին «Լուսավոր Հայաստան» ու «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները, ինչպես նաև «Իմ քայլը» լքածները։

նկար
Նիկոլ Փաշինյանը հրաժարական է ներկայացրել ապրիլի 25-ին։ Ըստ Սահմանադրության` վարչապետի հրաժարական ներկայացնելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու այլ դեպքերում Կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ:

Ընտրությանը մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով, և նշանակվում են արտահերթ ընտրություններ։

--00—ԼՄ