Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանը ձերբակալվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 12, 24News

Հասարակական

Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանը ձերբակալված է: Այս մասին 24News-ին հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը: 

Հիշեցնենք, որ Զաքարյանի փաստաբան Երեմ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ այսօր՝ ժամը 00։00-ի սահմաններում, պայմանավորվածության համաձայն, ինքնակամ ներկայացել են քրեական ոստիկանության գլխավոր վարչություն, սակայն ոստիկանները բռնի ուժ կիրառելով ձերբակալել են Զաքարյանին:

«Ոստիկանները ձևացրել են, թե իբրև տեղյակ չեն, թե ինչու ենք եկել և առաջարկել են սպասել, մինչև ճշտում կատարեն։ Այդ ընթացքում ժամանակ շահելով, ընդամենը մոտ 2-3 րոպե անց նույն ոստիկանության շենքի մեկ այլ մուտքից դուրս են եկել ոստիկանական 2 միկրոավտոբուսներ, դրանից դուրս են թափվել բազմաթիվ դիմակավորված և ինքնաձիգավոր անձինք, անօրինական կարգով և անհամաչափ ուժ ու բռնություն գործադրելով «առանձնապես վտանգավոր հանցագործ» Մխիթար Զաքարյանին պառկեցրել են գետնին՝ նկարահանել, որից հետո բռնությամբ ներս տարել, այդ ընթացքում խոչընդոտելով նաև փաստաբանների գործունեությանը։ Ոստիկանների անօրինական գործողությունների վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել»,- մասնավորապես գրել է փաստաբանը:

Սարգսյանը իր գրառման մեջ նաև նշել է, որ Զաքարյանի ձերբակալման հիմքերը անհիմն են. «Ձերբակալման հիմքն այն ակնհայտ կեղծ տեղեկություններ են, թե իբրև ոստիկանության Մեղրիի բաժնի աշխատակիցները բազմաթիվ այցեր են կատարել Մխիթար Զաքարյանի տուն, սակայն դռները փակ լինելու պատճառով չեն կարողացել քննիչի մոտ ներկայանալու ծանուցագիր հանձնել։ Իրականում ոստիկանները տեղեկացված են եղել, որ ընտանիքի անդամը հատուկ տանը սպասում է: Դիտավորյալ չեն հանձնել և չեն տեղեկացրել։ Պնդում եմ, որ այդ ծանուցագիրը հանձնելու անհնարինության մասին տեղեկություններն ակնհայտ կեղծ են, որոնց վերաբերյալ ունեմ անհերքելի ապացույցներ»,-ասված է հայտարարության մեջ:

Թե ինչ գործի շրջանակներում է Զաքարյանը ձերբակալվել և ինչ կասկածանքով, դեռևս հայտնի չէ:

Ավելի ուշ Մխիթար Զաքարյանի փաստաբան Երեմ Սարգսյանը կատարել է նոր գրառում, որով տեղեկացնում է, որ Զաքարյանի՝ խայտառակ ապօրինի ձերբակալումն արդեն բողոքարկվել է դատարան, դեռևս որևէ դատավորի չի մակագրվել, ինչպես նաև ժամը 14։00-ին Մխիթար Զաքարյանին մասնակցությամբ քննչական գործողություններ պետք է տեղի ունենան ՀՀ քննչական կոմիտեի շենքում։

«Բոլոր հարցերին կկարողանամ պատասխանել նախքան քննչական կոմիտեի շենք մտնելը»,- գրել է Սարգսյանը։

--00--ԿԿ