Կրե՛ք դիմակ փակ տարածքներում, անգամ եթե պատվաստված եք. ԱՆ հորդորը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News

դիմակ

Հայաստանում, ինչպես նաև ամբողջ աշխարհում, կորոնավիրուսային հիվանդության պատճառով համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ լարված՝ պայմանավորված ի հայտ եկող COVID-19-ի նոր շտամներով, մասնավորապես` դելտա շտամով: Պատվաստումը կանխում է հիվանդության ծանր ձևերի առաջացումը և մահացությունը, նվազեցնում է վարակի տարածումը, սակայն այն ամբողջությամբ չի կանխում վիրուսի շրջանառությունը։ Այս մասին հայտնում են  ՀՀ առողջապահության նախարարությունից:

«Շարունակում է գործել փակ տարածքներում դիմակ կրելու պահանջը, չնայած բաց տարածքներում դիմակ կրելն այլևս պարտադիր չԷ։ Կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հիշեցնում և հորդորում է պահպանել հակահամաճարակային կանոնները՝ կրե՛ք դիմակ փակ տարածքներում, անգամ եթե պատվաստված եք, պահպանե՛ք ձեռքերի հիգիենան, պարբերաբար ախտահանե՛ք ձեռքերը 70%-անոց ալկոհոլային հիմքով ախտահանիչով,  պահպանե՛ք սոցիալական հեռավորություն, հաճախակի՛ օդափոխեք փակ տարածքները։

Սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշաններ ի հայտ գալու դեպքում (ջերմություն, հազ, հարբուխ) անմիջապես կապվե՛ք ձեր տարածքային պոլիկլինիկայի բժշկի հետ, մի՛ զբաղվեք ինքնաբուժմամբ և մի՛ ընդունեք հակաբիոտիկներ՝ առանց բժշկի նշանակման: Պահպանե՛ք անվտանգության կանոնները և եղե՛ք առողջ»,- ասված է ԱՆ հաղորդագրության մեջ:

 --00—ՄՀ