Կրակոցներից՝ եռակողմ խմբի աշխատանքների մեկնարկ. «Հենակետ»-ի ամփոփումը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News

զինվոր

«Հենակետ» վերլուծական կենտրոնն ամփոփել ու հրապարակել է համառոտ տեղեկություններ ընթացիկ շաբաթվա ժամանակամիջոցում մամուլում և սոցիալական ցանցերում շրջանառվող լուրերի մասին.

«Հայ-ադրբեջանական սահմանների շուրջ ծավալվող զարգացումների մասին

Արդեն տևական ժամանակ է` Ադրբեջանը սադրանքների է դիմում ու խախտում է հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում։

Հիշեցնենք, որ հուլիսի 28-ին Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել էին Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը, բայց արդեն երրորդ շաբաթն է անցել, ադրբեջանցիները պարբերաբար խախտում են պայմանավորվածությունը` սադրանքների դիմելով հայկական դիրքերի ուղղությամբ։

Շաբաթվա սկզբնամասում, օգոստոսի 16-ի գիշերն ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները կրկին սադրանքի են դիմել հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի մարզի, մասնավորապես` Սև լճի հատվածում` փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել։ Ծավալված փոխհրաձգության ընթացքում հակառակորդը տվել է առնվազն մեկ զոհ:

Սակայն նույն օրը, առավոտյան, արդեն ադրբեջանցիները սադրանքի են դիմել Երասխի հատվածում: Մասնավորապես, ժամը 09:50-ի սահմաններում, հակառակորդի դիպուկահարի արձակած կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ N զորամասի զինծառայող։ Նույն օրը, ժամը 18:10-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել նաև հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Փոխհրաձգության հետևանքով հակառակորդի կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ևս մեկ հայ զինծառայող։

Ադրբեջանցիները կրակահերթեր են արձակել Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի ուղղությամբ, գնդակները հասել են նույնիսկ որոշ տների տանիքներին։ Տեղեկությունը հաստատել է նաև Կութի վարչական ղեկավարը` նշելով, որ հրաձգության հետևանքով լուրջ վնասներ չեն եղել։
Օգոստոսի 17-ին ադրբեջանցիները կրակել են նաև Սոթքի հայկական դիրքերի վրա. հայկական կողմից մեկ զինծառայող է վիրավորվել։ Սոթքի ոսկու հանքավայրի աշխատակիցներն տարհանվել են` հանքի տարածքում հնչող կրակոցների պատճառով։ Սոթքի ոսկու հանքավայրը վերսկսել է աշխատանքը ընդամենը երկու օր անց։

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել` անդրադառնալով վերջին օրերի Ադրբեջանի գործողություններին։ ԱԳՆ–ն դատապարտել է նման գործելաոճը։

Օգոստոսի 18-ին որոշ լրատվական կայքերի տեղեկություններով` Շուշիի Եղցահող գյուղից հայկական ուժերը դուրս են բերվել ռուսական կողմի հետ պայմանավորվածության համաձայն։ Ըստ տեղեկության՝ ադրբեջանական զինուժը ևս պետք է տարհաներ տվյալ տարածքից իր ԶՈւ-ն` տարածքի վերահսկողությունը հանձնելով ռուս խաղաղապահներին։ Սակայն ադրբեջանցիները ետ չեն գնացել։

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀ ԶՈւ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ, ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը հայտարարել է, որ Եղցահող գյուղից ՊԲ ստորաբաժանումների հեռանալու մասին լուրը չի համապատասխանում իրականությանը։ Նույն տեղեկությունը հաստատել է նաև ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

Սակայն հայկական լրատվականներից մեկի թիմը եղել է այդ գյուղում ու արձանագրել, որ ՊԲ-ն դիրքերը չի պահում, իսկ ռուս խաղաղապահները ժամանակ առ ժամանակ են ընդամենը երևում տվյալ բնակավայրի տարածքում։

Արտառոց դեպք է տեղի ունեցել օգոստոսի 19-ին։ Մասնավորապես, ժամը 02։15-ի սահմաններում, ՀՀ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետում հայտնաբերվել է 3 զինծառայողի դի՝ հրազենային վիրավորումով։ Վարկածներ կային թշնամու կողմից դիվերսիայի մասին, սակայն ՊՆ-ն կտրականապես հերքել է նման տեղեկությունները։

Ավելի ուշ Քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ նույն օրը՝ ժամը 17:40-ի սահմաններում, նշված հանցագործությունը կատարելու՝ ապօրինաբար դիտավորությամբ զինծառայողներին կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալվել է նրանց համածառայակից, նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Ա.Հ-ն:

Ռազմագերիների, անհետ կորած, զոհված զինծառայողների հետ կապված հարցերի մասին

Արցախի Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում զոհված և անհետ կորած զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքների արդյունքում օգոստոսի 18-ին հայտնաբերվել է 6 զինծառայողի աճյուն։ Հաջորդ օրը նշված հատվածում հայտնաբերվել և Ստեփանակերտ է տեղափոխվել ևս 3 աճյուն։

Նշենք, որ զինադադարից հետո իրականացված որոնումների արդյունքում, Արցախի օկուպացված տարածքներից տարհանվել է ընդհանուր 1645 աճյուն։

Օգոստոսի 19-ին անհետ կորած զինծառայողների ծնողները, հարազատներն ակցիա են իրականացրել ԱԱԾ շենքի դիմաց։ Նրանք պահանջել են որոնողական աշխատանքների շրջանակում ձեռնարկվող քայլերի ավելի հստակեցում։ Նրանք հանդիպել են նաև ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հետ։ Շուրջ երկու ժամ տևած հանդիպումից հետո ծնողները փոխանցել են, որ ձեռք են բերել պայմանավորվածություն, առաջիկայում ևս հանդիպումներ կլինեն։

ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ՌԴ-ն կոչ է անում ՀՀ-ին ու Ադրբեջանին հնարավորինս արագ վերացնել հումանիտար ոլորտում առկա խնդիրները:

Նրա խոսքով, Մոսկվան Երևանին և Բաքվին կոչ է անում փոխանակել ռազմագերիներին՝ «բոլորին բոլորի դիմաց» բանաձևի համաձայն, ինչպես նաև տրամադրել ականապատ դաշտերի քարտեզներն ամբողջությամբ: Բացի այդ, ռուսական կողմը պնդում է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման վերաբերյալ բանակցությունները հնարավորինս շուտ սկսելու անհրաժեշտության մասին:

Իսկ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, Հանրային հեռուստաընկերությանը» տված հարցազրույցում, պատասխանելով այն հարցին, թե ինչպես է կարգավորվելու ՀՀ տարածքում գտնվող ադրբեջանական զորքերի, գերիների խնդիրները, հայտնել է, որ փոխվարչապետերի մակարդակով վերսկսված եռակողմ բանակցությունները արդեն իսկ փաստում են, որ անհրաժեշտություն ու խնդիրներ լուծելու հնարավորություն են տեսել այդ ուղղությամբ։

Այլ թեմաներ

ՌԴ Կառավարության մամլո ծառայությունից հայտնում են, որ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը վերսկսել են եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքը:

Օգոստոսի 17-ին Մոսկվայում կայացած նիստում կողմերը քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման հեռանկարները և քննարկել, ՀՀ վարչապետի, Ադրբեջանի նախագահի և ՌԴ նախագահի` 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության շրջանակներում իրականացվող հետագա աշխատանքների ընթացքը:

Հիշեցնենք, որ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին գրված է ՀՀ-ի, ՌԴ-ի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարության մեջ, որը ստորագրվեց 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացած բանակցությունների արդյունքում:
Կառավարությունը օգոստոսի 18-ին որոշում է ընդունել վարժական հավաքներ հայտարարելու և դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին։

Վարժական հավաքներն անցկացվելու են օգոստոսի 25-ից մինչև նոյեմբերի 25-ը։

Կառավարության օգոստոսի 18-ի նիստին վարչապետ Փաշինյանը ներկայացրել է Կառավարության 2021-2026թթ․ ծրագիրը։ Ծրագրի առաջին մասը վերաբերում է անվտանգությանն ու արտաքին քաղաքականությանը և մի քանի կետով նշված են ՀՀ անվտանգության ապահովման հիմնական գործոնները։

Օգոստոսի 18-ին ԱԺ ում սահմանին տիրող իրավիճակի շուրջ փակ քննարկում է տեղի կունենա ԳՇ պետի տեղակալի մասնակցությամբ։

ՊՆ անցուդարձի մասին

ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ մասնագետները կազմել են «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորված 2020թ. 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների գերեզմանների կառուցապատման, ինչպես նաև հիշատակը հավերժացնող հուշարձան-կոթողի նախագիծ-առաջարկը:

ՊՆ ղեկավարությունը որոշում է կայացրել աշխատանքներն իրականացնել 2 փուլով. հուշահամալիրի գերեզմանների շինարարական աշխատանքների իրականացում, բարեկարգման, ինժեներական համակարգերի և օժանդակ կառույցների իրականացում:

Շաբաթվա ընթացքում ՊՆ զորամիավորումների տարբեր զորամասերում, ստորաբաժանումներում անցկացվել են մասնագիտական գործնական պարապմունքներ, հրաձգային մարզումներ, տանկային վարժանքներ, վաշտային, գումարտակային զորավարժություններ, տեղի են ունեցել հավաք խորհրդակցություններ և այլն։

Զինծառայողների ֆունկցիոնալ պարտականություններն ու մասնագիտական գիտելիքները կատարելագործելու նպատակով շաբաթվա ընթացքում տարբեր զորամիավորումների զորամասերում հայտարարվել են ուսումնական տագնապ։

--00—ԼՄ