Ամենակալ Տերը զորակից լինի ու հաջողություններ պարգևի Ձեզ. Գարեգին Բ- ի մաղթանքը Փաշինյանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 14, 24News

Thumbnail

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: 
Ինչպես տեղեկացնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում ասված է

«Մեծարգո պարոն Վարչապետ,

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք հղում Ձեզ` Հայաստանի Հանրապետության Վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով:

2018 թվականին մեր երկրում տեղի ունեցած քաղաքական զարգացումները հանգուցալուծվեցին խորհրդարանական արտահերթ ընտրություններով, որոնց արդյունքում մեր ժողովուրդը արտահայտեց իր մեծ վստահությունը Ձեզ և Ձեր ղեկավարած քաղաքական ուժին:     

Այսօր Դուք կրկին ստանձնում եք ՀՀ Վարչապետի պատասխանատու պաշտոնը՝ բարվոք լուծման առաջնորդելու մեր երկրի առջև ծառացած խնդիրները և կյանքի կոչելու լուսավոր ապագայի հանդեպ մեր ժողովրդի հույսերն ու ակնկալիքները:

Ի խորոց սրտի մաղթում ենք, որ Ամենակալ Տերը զորակից լինի ու հաջողություններ պարգևի Ձեզ՝ Ձեր բարձր և պատասխանատու առաքելության մեջ՝ ի խնդիր մեր հայրենիքի անշրջելի առաջընթացի և մեր ժողովրդի շեն ու բարօր կյանքի:

Աղոթում ենք, որ Բարձրյալն Աստված Իր Ամենախնամ Սուրբ Աջի հովանու ներքո պահի ու պահպանի Ձեզ` շնորհելով կենաց արևշատ օրեր և ամենայն բարիք»,-ասված է Վեհափառի ուղերձում: