Կրակեմ Հրաչ մականունով անկրկնելի գեներալը. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 10, 24News

Հասարակական

Կրակեմ Հրաչ մականունով անկրկնելի գեներալը։ Նման հայտարարությամբ է հանդես եկել «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ն։

«Հանրությանն առավելապես Կրակեմ Հրաչ մականունով հայտնի Հրաչյա Վազգենի Հարությունյանն (1956-2021թթ.) ազգային անվտանգության գեներալ-լեյտենանտ էր, հանրապետության իրավական համակարգում պատասխանատու պաշտոններ զբաղեցրած անձ: Եղել է հանրապետության ոստիկանության 6-րդ, քրեական հետախուզության գլխավոր վարչությունների, ազգային անվտանգության համակարգում պետական պահպանության ծառայության պետ, ՀՀ ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ: Պարգևատրված է ԽՍՀՄ Կարմիր դրոշի շքանշանով, Արիության մեդալով, ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով, մի շարք այլ պարգևներով:

Հ. Հարությունյանի կյանքի նշանակալի հատված ներձուլված է Արցախյան գոյամարտին: Նրա գլխավորած ինքնապաշտպանական ջոկատը պատերազմի ընթացքում իրականացրել է առաջնային նշանակության կարևորագույն օպերացիաներ, այդ թվում նաև թշնամու թիկունքում: Դրանց հաջողությունը մեծապես պայմանավորված է եղել ջոկատի հրամանատարի անձնական օրինակով, ով երբեք չի թաքնվել մարտական ընկերների թիկունքում: Արցախյան գոյամարտի ոչ պակաս ուշագրավ դրվագ է Հ. Հարությունյանի մասնակցությամբ իրականացված օպերացիան, որի արդյունքում ադրբեջանական զինված ուժերին պատկանող ՄԻԳ-25 ինքնաթիռը մարտական ողջ սպառազինությամբ ռազմավարի տեսքով 1993-ին վայրէջք կատարեց Երևանի օդանավակայանում:
Նախաձեռնողական գործելը, օրինակ ծառայելը եղել են ապագա գեներալ-լեյտենանտի կերպարի բնորոշ առանձնահատկությունները, ինչի համար վայելել է աշխատակիցների անվերապահ հարգանքն ու վստահությունը:

Ոստիկանության թե անվտանգության համակարգում աշխատելու տարիներին նրա անվան հետ են կապված աղմկահարույց, ինչպես նաև պատվիրված սպանությունների բացահայտումներ, առանձնապես վտանգավոր հանցագործների ձերբակալություններ, բանդաների վնասազերծումներ։ Գաղտնազերծվածների շարքից թերևս բավական է հիշել Հայաստանի երկաթգծի վարչության պետ Համբարձում Ղանդիլյանի, հայտնի լրագրող Տիգրան Նաղդալյանի սպանությունների, ՀՀ դատախազության վարչության պետ Վլադիմիր Գրիգորյանի դեմ իրականացված մահափորձի բացահայտումները:

Հ. Հարությունյանը նման օպերացիաներից մեկի ժամանակ է վաստակել իր կոլորիտային Կրակեմ Հրաչ մականունը` այն «խլելով» վնասազերծման ժամանակ զինված դիմադրություն ցույց տված հայտնի քրեական հեղինակությունից: Ի դեպ անվտանգության ապագա գեներալ-լեյտենանտին մականվան այս յուրօրինակ «շնորհումը» եղել է նրա աշխատանքային գործունեության վաղ տարիներին:
Հ. Հարությունյանի մարդկային նկարագրի, աշխատանքի նկատմամբ բացառիկ պրոֆեսիոնալ վերաբերմունքի ոչ պակաս բնութագրական է և այն, որ, հանուն գերեվարվածի փրկության, նա կարող էր պատանդի կարգավիճակում առաջադրել իր անձը:
Հ. Հարությունյանն օպերատիվ աշխատանքի հմուտ մասնագետ լինելուց զատ կազմակերպչական տաղանդի տեր մարդ էր: Այդ նրա նախաձեռնությամբ հայաստանյան ՊԱԿ համակարգում հիմնվեց ու հակաահաբեկչական «Նաբատ» ջոկատի հիմքերի վրա ներդրվեց «Ալֆա» ջոկատը`90-ականներին իրականացրած իր հայտնի գործողություններով: Պատահական չէ, որ հայաստանյան «Ալֆան» ուներ նախկին Խորհրդային Միության տարածքում գործող ամենաարդյունավետ կառույցներից մեկի ճանաչում, իր բարձր պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաճախ էր հրավիրվում ԽՍՀՄ ՊԱԿ-ի, այնուհետև Ռուսաստանի ФСБ համապատասխան կառույցի հետ իրականացվող համատեղ օպերացիաներին: Այդ Հ. Հարությունյանն էր, որ մինչև «Ալֆայի» հիմնումը, ստեղծել էր համախոհների խումբ, որն օրվա օպերատիվ աշխատանքի կողքին կամովին ինտեգրվում էր առանձնակի բարդություն ունեցող հանցագործությունների բացահայտման գործին: Այդ նա էր, որ երկրի անվտանգության խնդիրների ապահովման, հանցավոր աշխարհի դեմ պայքարում պրոֆեսիոնալիզմին հավասար սկսեց կիրառել ռոմանտիկան` ձևավորելով հետևորդների կուռ ջոկատ, որը նախանձելի համագործակցության օրինակ էր ուժային կառույցների աշխատակիցների համար և որն այսօր էլ սրբորեն պահպանում է ընկերական հարաբերությունները, շաղկապված է ջերմ բարեկամությամբ: Ի դեպ այդ ջոկատի երկու մարտիկ հասան գեներալ-լեյտենանտի զինվորական աստիճանի:

Անգնահատելի է եղել Հ. Հարությունյանի ներդրումը երկրի անվտանգային համակարգում: ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալի պաշտոնում այդ նրա ուսերին էր ծանրացած օպերատիվ աշխատանքի համակարգումը` հակահետախուզություն, ռազմական հակահետախուզություն, պայքար ահաբեկչության դեմ, երկրի սահմանադրական կարգի պահպանում»,- նշված է հաղորդագրությունում։

--0--ԿԿ