Արդեն քանի օր է, մեզ մոտ կրակոցներ չկան․ Կութի վարչական ղեկավար

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 23, 24News

Պատերազմ

Կութի ուղղությամբ իրավիճակը հանգիստ է։ Այս մասին 24News-ին ասաց Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Կութ բնակավայրի վարչական ղեկավար Կիմ Չիթյանը՝ անդրադառնալով ադրբեջանական կողմի սադրանքներին։

«Մեզ մոտ ոչ մի բան չկա, արդեն քանի օր է՝ կրակոցներ չկան», - նշեց Չիտչյանը։

Կութ գյուղի ուղղությամբ նույնպես ադրբեջանական կողմը հաճախակի է սադրանքների դիմում։ Հակառակորդի ուժերի համար, որոնք մայիսի 15-ից տարբեր ուղղություններով ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք, դիտարկելի է գյուղի որոշակի հատվածը։ 

Երեկ երեկոյան սոցցանցերում տեղեկություններ էին տարածվել, որ Կութի ուղղությամբ ադրբեջանական սադրանքի հետևանքով փոխհրաձգություն է սկսվել հայկական և ադրբեջանական զինված ստորաբաժանումների միջև, որի հետևանքով հայ զինծառայող է վիրավորվել։ 

Պաշտպանության նախարարությունից հերքել էին, որ Կութի ուղղությամբ փոխհրաձգություն է սկսվել։ 

Ավելի ուշ ՊՆ-ից հաստատել էին, որ մարզի Գեղամասար համայնքի Նորաբակ գյուղի ուղղությամբ է փոխհրաձգություն սկսվել ժամը 18։00-ի սահմաններում։ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ էին բացել Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու հրազենային վիրավորում էր ստացել ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Սուրեն Յուրիկի Սաֆարյանը (ծնվ. 2002թ.)։ Ժամը 19։30-ի դրությամբ փոխհրաձգությունը դադարել է։

--0--ԿԿ