Սոչիի և Բրյուսելի հանդիպումներն ու «3+2» ձևաչափը ընդհանուր մեծ շղթայի բաղկացուցիչներ են

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

Քաղաքական

Հայաստանի համար «3+2» ձևաչափը հնարավորություն է Թուրքիայի հետ ինչ-որ հարաբերություններ ստեղծել և բարելավել, այլ ֆորմատի շրջանակներում Երևանի և Անկարայի միջև դրական փոփոխություններ չեն գրանցվում։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը՝ մեկնաբանելով հայ-թուրքական հարաբերությունների շուրջ ծավալվող վերջին գործընթացները։ 

«Մենք այդ ֆորմատում ո՛չ Ադրբեջանի հետ հարց ունենք լուծելու, ո՛չ Իրանի, ո՛չ էլ Ռուսաստանի։ Իրանի, Ռուսաստանի հետ երկկողմանի հարաբերություններ ունենք, իսկ Ադրբեջանի հետ եռակողմ ձևաչափում, որտեղ արդեն երեք հատ հայտարարություն կա։ Այսինքն՝ «3 + 2»-ը Հայաստանի համար ֆորմատ է, որով ինքը լուծում է իր խնդիրները Թուրքիայի հետ։ Չենք կարող ասել՝ որքանով կհաջողվի, բայց տեսնում ենք, որ պրոցեսը սկսել է», - նշեց Դավիթ Ստեփանյանը։

Քաղաքագետի խոսքերով՝ Սոչիում տեղի ունեցած եռակողմ հանդիպումը, «3 + 2» ձևաչափով հանդիպումը և այսօր Բրյուսելում եռակողմ հանդիպումը ընդհանուր մեծ շղթայի բաղկացուցիչներ են, այս պրոցեսները համադրվում են։

Երկուշաբթի  Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար ներկայացուցիչ նշանակելու պատրաստակամության մասին, իսկ այսօր Հայաստանի արտաքին գործեր նախարարությունը ողջունեց հայտարարությունը և նույնպես հայտարարեց, որ հայկական կողմը ևս «երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի»։  Սա, ըստ Դավիթ Ստեփանյանի, «3 + 2» ձևաչափի շարունակությունն է․ «Մենք տեսնում ենք, որ կան պայմանավորվածություններ, որ «3 + 2»-ը սկսում է աշխատել»։ 

Ինչ վերաբերում է Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնած եռակողմ հանդիպմանը, ապա ըստ քաղաքագետի՝ Ռուսաստանի և Եվրոպայի միջև կոնսենսուս կա։ 

«Եվրոպայի հետևում կանգնած են ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն։ Այս տարածաշրջանում խնդիրները լուծվելու են հետևյալ կերպ՝ սկսում է աշխատել այդ չարաբաստիկ «3 + 2»-ը, և ռեգիոնի մեջ հարցեր են լուծում Թուրքիան, Ռուսաստանն՝ առաջին հերթին։ Կողքից մասնակցություն է ունենում Իրանը, որը պետք է քչով բավարարվի, որովհետև պատերազմից հետո ինքն ընդհարապես որևէ մասնակցություն չի կարողացել ունենալ և ռեգիոնից մնացել է դուրս։ Իսկ Արևմուտքն իր հերթին հնարավորություն է ստանում իր լուման ներդնել այդ ամենում, այդ խաղը վարել՝ տարբեր կետեր համաձայնեցնելով Ռուսաստանի հետ։ Եվ դրա արտացոլումը և շարունակությունը Բրյուսելն է։ Կարծում եմ, որ հետագայում էլի հանդիպումներ կլինեն։ Այսինքն՝ համաձայնեցում է տեղի ունեցել, ընդհանուր առմամբ մեկ շղթա է, որտեղ չեն լինելու քայլեր, որոնք իրար հակառակ են լինելու Արևմուտքի կողմից և Ռուսաստանի կողմից։ Համենայնդեպս այս տարածաշրջանում, - պարզաբանեց Ստեփանյանը։

Ըստ նրա՝ Արցախի հարցը 3-րդ, 4-րդ և 5-րդ պլան կմղվի, բայց դա բոլորովին չի նշանակում, որ Մինսկի խումբը չի աշխատելու։ «Եվ ընդհակառակը, Մինսկի խումբն աշխատելու է ավելի ակտիվ։ Մինսկի խմբի ռեանիմացիա արդեն տեղի է ունեցել, եղել են հանդիպումներ Նյու Յորքում, Փարիզում։ Եվ ես վստահ եմ, որ էլի են հանդիպումներ լինելու։ Այսինքն՝ Մինսկի խումբը աշխատելու է մոտավորապես նույն հաջողությամբ, որով նա աշխատել է 1992 թվականից սկսած։ Ինչ վերաբերում է Արցախի հարցին, այն այսօր ընդհանրապես չի քննարկվելու։ Եվ իմ համոզմամբ՝ 44-օրյա պատերազմից հետո, երբ որ մենք ռեգիոնում ունենք նոր ստատուս-քվո, դա բոլորովին Հայաստանի շահերին չի խանգարում, այլ նպաստում է։ Այսօր, այս պայմաններում շուտափույթ լուծել Արցախի կարգավիճակը նշանակում է Արցախը հանձնել Ադրբեջանին, երբ մենք չենք կարողանում մեր շահերը տանել առաջ։ Այս դեպքում այդ հարցի սառեցումը պետք է, որպեսզի այն շարունակի մնալ միջազգային օրակարգում և չլուծվի ի օգուտ Ադրբեջանի», - եզրափակեց Դավիթ Ստեփանյանը։

--00--ԿԿ