Մի խումբ անձինք ոստիկանության բաժիններում կամավոր հանձնել են ապօրինի զենք-զինամթերք

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 7,  24 News

ոստիկանություն

Բնակչության մոտ պահվող ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ամենօրյա հետևողական միջոցառումները շարունակվում են։ Հատկապես արդյունավետ էր Արտաշատի բաժնի քրեական հետախույզների և համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ բաժնում արձանագրվել են ատրճանակների, հրացանի և զինամթերքի, այդ թվում՝ նռնակների կամավոր հանձնման դեպքեր։ Ոստիկանության Արարատի մարզային վարչության Արարատի և Մասիսի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ այդ բաժիններում արձանագրվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգների և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպքեր։

«Կալաշնիկովի» ինքնաձիգների կամավոր հանձնման առումով արդյունավետ էր նաև ոստիկանության Նոյեմբերյանի և Գավառի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքը։ Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել նաև Գեղարքունիքի մարզային վարչության Վարդենիսի և Ճամբարակի բաժիններում։ Մասնավորապես, Ճամբարակում՝ ինքնաշեն կրակող սարքի և ռազմամթերքի, Վարդենիսում՝ ատրճանակի, հրացանի և ռազմամթերքի։

Ապօրինի պահվող ատրճանակների կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել նաև ոստիկանության Գուգարքի, Դիլիջանի և Արմավիրի բաժիններում։ Ատրճանակները Դիլիջանի և Արմավիրի բաժիններ բերած անձինք կամավոր հանձնել են նաև ռազմամթերք։ Ռազմամթերքի, այդ թվում՝ նռնակների կամավոր հանձնման դեպք է արձանագրվել Թալինի բաժնում։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ենթակա ստորաբաժանումներում, մասնավորապես, Մալաթիայի և Կենտրոնական բաժիններում արձանագրվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգների և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպքեր։

«Կալաշնիկովի» ինքնաձիգի կամավոր հանձնման առումով արդյունավետ էր նաև Նոր Նորքի քրեական հետախույզների բացատրական աշխատանքը։ Նոր Նորքի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ արձանագրվել է հրացանի և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպք։ Կրկին հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

--00—ՄՀ