«ՀայՓոստի» անունից ուղարկվող նամակներով փող կորզելու փորձեր են արվում․ ի՞նչ անել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

Հասարակական

Ֆիշինգը նոր բան չէ, պարզապես վատ է, որ «ՀայՓոստ»-ի անունից նամակի բովանդակությունը հայերեն է, շատ հավանական է, որ ինչ-որ չափով թիրախավորված է էլեկտրոնային փոստերի բազան։ Այս մասին 24News-ին ասաց «Hoory» ստարտափի գործադիր տնօրեն, մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն՝ անդրադառնալով «ՀայՓոստի» անվան և ապրանքային նշանի օգտագործմամբ մարդկանցից բանկային տվյալների կորզման փորձերին: 

Մարտիրոսյանի խոսքերով՝ էլեկտրոնային փոստերի բազային տիրապետողը գիտի, որ հայերի հետ գործ ունի։

Այս խնդրով «ՀայՓոստ»-ի ֆեյսբուքյան հայտարարության մեջ (10․02․2022) նշվում էր, որ անհայտ անձանց կողմից փորձ է արվում քաղաքացիներից խարդախությամբ գումար շորթել: «ՀայՓոստը տվյալ հաղորդագրությունների հետ որևէ առնչություն չունի: Հորդորում ենք նման հաղորդագրություն ստանալիս անձնական, բանկային քարտերի կամ այլ որևէ տվյալ չտրամադրել», - նշվում էր հայտարարության մեջ։

Ըստ մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի՝ սրա տակ կա նաև խնդիր, որ ինչ-որ մեկի մոտ կա տվյալների բազա, որում հենց հայերի տվյալներ են։ «Ֆիշինգ անողը նամակ է գրում «ՀայՓոստի» անունից, «ՀայՓոստն» այս դեպքում ոչինչ անել չի կարող, բացի մարդկանց իրազեկելուց, որովհետև նման ֆիշինգային նամակներ գալիս են, օրինակ՝ Apple-ի անունից, հենց  նույն Google-ի անունից։ Խնդիրը տվյալ դեպքում այն է, որ մարդիկ ավելի խոցելի են դառնում, որովհետև հայերեն է նամակի բովանդակությունը։ Մարդկանց մտքով չի անցնում, որ ֆիշինգային նամակը կարող է լինել թիրախային, հայկական կազմակերպության անունից, հայերենով։ Ի՞նչ կարելի է տվյալ դեպքում անել․ մարդկանց իրազեկել, որպեսզի ամեն մի նամակի չհավատան, առավելևս լինքը քլիք անելուց առաջ նայեն, թե ինչ հարցեր են, նամակի բովանդակությունը։ Ակնհայտ երևում է, որ նամակը «ՀայՓոստից» չէ», - եզրափակեց Սամվել Մարտիրոսյանը։

«ՀայՓոստ» ընկերության մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը 24News-ին ասաց, որ այս հարցով դիմել են Ազգային անվտանգության ծառայության համապատասխան բաժնին։ «Իսկ կոնկրետ գործին ընթացք տալու համար պետք է դիմեն քաղաքացիները, ովքեր տուժում են։ Այնպես չէ, որ միայն «ՀայՓոստ»-ի անունն օգտագործելով են փորձում գումար շորթել մարդկանցից, նման երևույթներից երաշխավորված չէ որևէ ընկերություն աշխարհի որևէ կետում», - ընդգծեց Աբրահամյանը։

Աբրահամյանը դժվարացավ նշել, թե կոնկրետ որ երկրից է ֆիշինգի փորձը կատարվում։ «Մենք այստեղ ոչինչ չենք կարող անել, ինչ-որ մարդիկ այլ մարդկանցից փորձում են դրամ շորթել, ուզում են իրենց բանկային քարտի տվյալները։ Ընդամենը մարդիկ պետք է իմանան, որ բանկային քարտի տվյալները ոչ մեկին ոչ մի դեպքում չպետք է տան, և վերջ։ Այն, ինչը որ մենք կարող էինք անել, հայտարարություն անելն է, որ մարդիկ զգույշ, ուշադիր լինեն»։

Նշենք, որ հունվարի 8-ին «ՀայՓոստ»-ը հայտարարություն էր տարածել, որ հունվարի 7-ին ընկերության ֆեյսբուքյան էջը ենթարկվել է հարձակման: «Րոպեների ընթացքում կառավարումը վերականգնվել է, սակայն դեռևս առկա է էջի անվանափոխման խնդիրը (այս պահին Էջի անվանումը Sẻçurity Pagẻs է, այնինչ պետք է լինի ՀայՓոստ/HayPost): Անվան փոփոխության պահանջով արդեն իսկ ուղարկել ենք համապատասխան հայտ և դիմել ենք ֆեյսբուքի աջակցության թիմին»: Մինչ օրս էջի նախկին անվանումը չի վերականգնվել։

Ֆիշինգի փորձի թեմայով 24News-ը փորձեց կապ հաստատել ԱԱԾ-ի հետ, սակայն զանգերը մնացին անպատասխան։

--00--ԿԿ