Բրյուսելյան հանդիպումները լրջագույն ահազանգ են հայ հասարակության համար․ «Ի պաշտպանություն Արցախի»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News

արցախ

«Ի պաշտպանություն Արցախի» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել․

«Բրյուսելյան վերջին հանդիպումները և դրանց բովանդակության հանրայնացումը ԵԽ նախագահ Շարլ Միշելի կողմից լրջագույն ահազանգ է հայ հասարակության համար, որը պարտադրում է մեր ժողովրդին հստակ դիրքորոշում որդեգրել և այն ամրագրել ներքին ու արտաքին քաղաքական բոլոր հարթակներում:

«Ի պաշտպանություն Արցախի» նախաձեռնությունը խստորեն դատապարտում է ՀՀ ներկայիս իշխանության քայլերը՝ մերժելով ցանկացած բանակցություն և պայմանավորվածություն, որ կվտանգեն Արցախի Հանրապետության Ադրբեջանից անկախ հարատևումը։ Փաստ, որը ամրագրված է 1988 թվականից սկսված մեր ազգային-ազատագրական պայքարի ձեռքբերումներով՝ միջազգային իրավունքի նորմերին համաձայն արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացմամբ՝ 1991 թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեի արդյունքներով միջազգային դիտորդների մասնակցությամբ դե ֆակտո անկախ ու լեգիտիմ սուբյեկտ Լեռնային Ղարաբաղի, ապա՝ Արցախի Հանրապետության ձևավորմամբ:

Իշխանությունների նպատակադրումը՝ բավարարվել Արցախի հայ բնակչության սոսկ անվտանգության երաշխիքներով, կործանարար է՝ ելնելով Նախիջևանի ԻՀ և Ադրբեջանի այլ շրջանների հայ բնակչության էթնիկ զտումների ցեղասպան գործողությունների և հայոց մշակույթի հետևողական ոչնչացման իրողություններից։

Ն․Փաշինյանի բոլոր մեկնաբաննություններն անցյալում տեղի ունեցած բանակցային գործընթացի մասին խեղաթյուրված են, քանի որ իշխանության գալով ՝ մեծամտաբար դրանք առ ոչինչ համարեց՝  խոստանալով իր «սեփական» զրո կետից սկսել Արցախի հիմնահարցի կարգավորումը։ Իր վարած քաղաքականության հետևանքով Ադրբեջանը և Թուրքիան օգտվեցին և ագրեսիա սանձազերծեցին Հայաստանի և Արցախի դեմ։ Արդյունքում՝ հազարավոր զոհեր, վիրավորներ, գերեվարված, պատանդառված և անհայտ կորած  հայրենակիցներ, տասնյակ հազարավոր բռնի տեղահանվածներ, տարածքային ահռելի կորուստներ, թշնամու կողմից նսեմացած պետության ղեկավար։

Առավել քան զարմանալի է, որ հայկական դիվանագիտությունը մոռացության է տվել իր իսկ կողմից պաշտոնապես ձևակերպած Հայաստանի և Արցախի շահերի պաշտպանության սկզբունքներն ու գերակայությունները։

Ադրբեջանի հետ բանակցությունները կարող են առարկայական բնույթ ունենալ, երբ գերությունից վերադարձած կլինեն մեր հայրենակիցները, Հայաստանի ինքնիշխան տարածքից դուրս կգան հակառակորդի ստորաբաժանումները և օրակարգի՝ որպես առաջնային խնդիր կհամարվի Արցախի հիմնահարցի կարգավորումը։

Առավել ևս անընդունելի է բանակցությունների այն ձևաչափը, որը շրջանցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը, և, հատկապես, բանավոր բնույթի ձեռք բերված պայմանավորվածությունները։

Արցախի խնդրի կարգավորումը պետք է լուծվի միջազգայնորեն ընդունված նորմերով և սկզբունքներով և ոչ թե պետությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների անձնական պատկերացումներով և հայեցողությամբ, ուժային ճնշմամբ։

«Ի պաշտպանություն Արցախի» նախաձեռնությունը համոզված է, որ քանի դեռ ձեռքբերված չեն հայկական կողմի համար հստակ և ընդունելի պայմանավորվածություններ Արցախի Հանրապետության կարգավիճակի վերաբերյալ, անընդունելի է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման հանձնաժողովների գործունեությունը:

Հիշեցնում և զգուշացնում ենք Ն․Փաշինյանին և նրա թելադրանքով գործող պաշտոնյաներին՝ «խաղաղության դարաշրջան» ապահովելու ժողովրդին մոլորեցնող կարգախոսի ներքո ցանկացած զիջողական որոշում, որով կխախտվեն  մեր պետության շահերը և համայն հայության օրինական պահանջները, պատժվելու են ՀՀ Սահմանադրության, նրա անբաժանելի մաս կազմող Անկախության հռչակագրի սկզբունքներից և հոդվածներից բխող օրենքների համաձայն։

Եվ այդ օրը հեռու չէ։

«Ի պաշտպանություն Արցախի» նախաձեռնության անդամներ՝

Արամ Սարգսյան – Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ,

Հրանտ Բագրատյան - «Ազատություն» կուսակցության նախագահ,

Վահան Բադասյան – Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ,

Նորատ Տեր-Գրիգորյանց – գեներալ-գնդապետ, ՀՀ Բանակի հիմնադիրներից, ՌԴ, Մոսկվա,

Լարիսա Ալավերդյան – ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան,

Լենսեր Աղալովյան – ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս,

Զարուհի Փոստանջյան – «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, փաստաբան,

Ալեքսանդր Մանասյան – ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, փ․գ․դ, պրոֆեսոր,

Լևոն Ստեփանյան – Նախիջևանցիների ՀԿ նախագահ, գեներալ-մայոր,

Նարինե Դիլբարյան – ԵՊՀ դոցենտ, ՀԴԿ փոխնախագահ,

Դավիդ Ջամալյան – ռազմական փորձագետ,

Էդգար Ղազարյան – տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, ՀՀ արտակարգ  դեսպանորդ և լիազոր նախարար,

Ատոմ Մխիթարյան – ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ դեկան,

Ադելա Աղաջանյան – Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության Գ․Խ անդամ,

Կարո Վարդանյան – գրող, գրականագետ, ՀՀ արվեստի գործիչ,

Միհրան Շահզադեյան – փ․գ․թ, քաղաքագետ,

Գայանե Ներսիսյան – ՀՀ վաստակավոր արտիստ,

Ժասմինա Ղևոնդյան – «Ներուժ» կրթամշակութային ՀԿ նախագահ, ՀԴԿ փոխնախագահ,

Աշոտ («Երկաթ») Մինասյան – Սիսական ջոկատի հրամանատար, պահեստազորի գնդապետ,

Արագած Ախոյան – քաղաքական գործիչ, «Վերադարձ» հիմնադրամի հիմնադիր,

Լիանա Ստեփանյան – հոգեբան, «Տաղանդավոր սերունդ» ՀԿ փոխնախագահ,

Արմինե Ադիբեկյան – Ադրբեջանի հարցերով փորձագետ, սոցիոլոգ,

Խաչատուր Մարոզյան – «Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիայի» նախագահ,

Հայկ Մելիք-Ադամյան – երկրաբ․գիտ․թեկնածու, Հայկ Մելիք-Ադամյան – երկրաբ․գիտ․թեկնածու, ՄԱՆԲ-ի հայկական բաժանմունքի նախագահ,

Զոյա Ջուլհակյան – «Քարավան-88» բարեգործական ՀԿ նախագահ,

Ժասմինա Թելյան  –  «Ի պաշտպանություն ԼՂՀ» կազմկոմիտեի պատասխանատու քարտուղար, «Հայ կինը – աջակցություն ժողովրդավարության» ՀԿ նախագահ,

Գրիգորի Այվազյան – «Ադրբեջանի բնիկ ժողովուրդների համագումար» ՀԿ նախագահ,

Գրիշա Օգանեզով – Հայ փախստականների աջակցման «Ահազանգ» ՀԿ նախագահ,

Մարտին Իսրայելյան – «Ադրբեջանական ԽՍՀ-ի հայերի միավորում» ՀԿ նախագահ,

Կարինե Սահինյան – «Մ․ Բուատ» ՍՊԸ-ի հաշվապահ,

Սերյոժա Սարգսյան – ճարտարապետ,

Մեսրոպ Եղիազարյան – ՀՅԴ կուսակցության անդամ,

Արա Սիմոնյան – ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր»:

--00—ԼՄ