Նռնակով իրեն պայթեցնել սպառնացող տղամարդը վնասազերծվել է. մանրամասներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 18, 24News

․

ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժին հուլիսի 16-ին, ժամը 22-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցի սուպերմարկետի մոտ նռնակով տղամարդ կա և սպառնում է նռնակով պայթեցնել իրեն։ ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ ահազանգին արագ արձագանքած Աշտարակի ոստիկանները պարզել են, որ նա 37-ամյա տղամարդը Բյուրականի բնակիչ։ Տղամարդը սպառնում էր պայթեցնել իրեն, եթե չվերադարձնեն իր երեխային, որը բնակվում է նախկին կնոջ հետ։

Աշտարակի բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանի իրականացրած բացատրական աշխատանքի շնորհիվ տղամարդը կամավոր նստել է բաժնի պետի մեքենան ու տեղափոխվել Աշտարակի բաժին։ Այնտեղ բացատրական աշխատանքը շարունակվել է, որին միացել է նաև ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանը։

Արդյունքում՝ նռնակը վնասազերծվել է՝ պայթուցիչի օղակի փոխարեն մալուխ ամրացնելու միջոցով։ Այս կերպ չեզոքացվել է նաև վտանգը, որ սպառնում էր ներկաների կյանքին ու առողջությանը։ 37-ամյա տղամարդը ձերբակալվել ու ներկայացվել է քննչական մարմնին, որտեղ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։

--00--ԱՀ