ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News
Այս գիշեր խախտվել է ինքնիշխան Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի Սենատի անդամ Վալերի Բուայեն։
«2020 թվականի սցենարը կրկնվում է։ Այս գիշեր Սյունիքում և այլ վայրերում ադրբեջանական ռմբակոծությունների հետևանքով խախտվել է ինքնիշխան Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Եթե Ադրբեջանի կողմից այս հարձակումը հաստատվի, ապա կպահանջվի միասնական և անհապաղ միջազգային արձագանք», - գրել է Բուայեն:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Սոթքի, Ջերմուկի, Արտանիշի եւ Իշխանասարի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ: Ադրբեջանական կողմի լայնածավալ սադրանքի հետեւանքով սկսվել է ինտենսիվ փոխհրաձգություն։ Հակառակորդը հարվածում է թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին, որոշ ուղղություններով ձեռնարկում դիրքային առաջխաղացման գործողություններ։ Դիրքային մարտեր են ընթանում։ Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, տվյալները ճշտվում են:
--00--ԱՀ