Գլխավոր դատախազը շարունակում է շնորհավորանքներ ստանալ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News

նկար

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:

Գլխավոր դատախազին շնորհավորել են Եվրոջասթի նախագահը, Ղազախստանի Հանրապետության գլխավոր դատախազը,  Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի քարտուղարն ու Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղարը:

Եվրոջասթի նախագահ Լադիսլավ Համրանի շնորհավորական ուղերձում մասնավորապես  նշված է.

«Հարգելի՛ տիկին Վարդապետյան,

Պատիվ ունեմ Եվրոջասթի անունից ջերմորեն շնորհավորել Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնը սեպտեմբերի 15-ին ստանձնելու կապակցությամբ: Դատաիրավական մարմինների միջև ավելի սերտ համագործակցություն ապահովելու համար պատրաստ եմ Ձեզ հետ մեր հետագա աշխատանքներին նոր թափ հաղորդել:

2021 թվականին Եվրոպական հանձնաժողովը լիազորություն է ստացել Երևանում համապատասխան մարմինների և Եվրոջասթի միջև միջազգային համաձայնագիր կնքել` հիմք ստեղծելով մեր երկու կողմերի հետագա աշխատանքների համար: Ուստի, պատիվ ունեմ Ձեզ աշխատանքային այցով հրավիրելու Եվրոջասթ, որը հնարավորություն կտա մանրամասն ներկայացնել Եվրոջասթի աշխատանքը և դրա դերը անդրսահմանային հանցավորության դեմ պայքարում:

Թույլ տվեք Ձեզ ցանկանալ հաջողություններ սպասվող կարևոր աշխատանքում: Անհամբերությամբ կսպասեմ Ձեզ հետ հանդիպմանը»:

Ղազախստանի Հանրապետության գլխավոր դատախազ Բերիկ  Ասիլովի ուղերձում մասնավորապես նշված է.

«Ղազախստանի Հանրապետության գլխավոր դատախազության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:

Այս նշանակումը վկայում է Ձեր բարձր պրոֆեսիոնալիզմի, պատասխանատվության և նպատակասլացության մասին, որը Ձեր արդյունավետ աշխատանքի հիմքն է պատասխանատու պաշտոններում:

Սիրով ցանկանում եմ Ձեզ հաջող աշխատանք, քաջառողջություն, երջանկություն, խաղաղություն և բարգավաճում:

Հուսով եմ, որ մեր գերատեսչությունների արդյունավետ համագործակցությունը հետագայում ավելի կամրապնդվի՝ ի շահ օրինականության և իրավակարգի պահպանման»:

 

Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի քարտուղարի շնորհավորական ուղերձում նշված է.

«Հարգելի՛ Աննա Կարենի,

Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի անունից և անձամբ իմ անունից խնդրում եմ ընդունել իմ ջերմ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի պետական բարձր պաշտոնին նշանակվելու առթիվ:

Այդ կապակցությամբ ողջունում եմ Ձեզ զբաղեցրած պաշտոնի ուժով Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի անդամների կազմում ընդգրկվելու համար:

Մաղթում եմ Ձեզ հաջողություններ Հայաստանի Հանրապետությունում օրինականության և իրավակարգի ապահովման հարցում բարձր մասնագիտական առաքելության իրականացման համար:

ԱՊՀ մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդում բարձր են գնահատում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության ներդրումն օրինականության, հանցավորության դեմ պայքարի, մարդու և քաղաքացու իրավունքների պաշտպանության ապահովման ոլորտում ԱՊՀ տարածքում համագործակցության ամրապնդման գործում:

Թույլ տվեք վստահություն հայտնել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության, Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի և դրա Քարտուղարության միջև հետագա արդյունավետ համագործակցության առնչությամբ»:

Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղարի   շնորհավորական ուղերձում մասնավորապես  նշված է.

«Հարգելի՛ Աննա Վարդապետյան,

Մեծ ուրախությամբ ստացանք Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնում ձեր նշանակվելու լավ լուրը: Թո՛ւյլ տվեք Դատախազների միջազգային ասոցիացիայի անունից ձեզ հղել ամենաջերմ շնորհավորանքներն այս մեծ ձեռքբերման համար:

Ձեր գերատեսչությունը 1999 թվականից ի վեր ունի գերատեսչությունը ներկայացնող ԴՄԱ անդամ և մինչ օրս ներկայացել է որպես մեր Ասոցիացիայի շատ նվիրված և բարձր գնահատված անդամ: 

Դուք, հավանաբար, ծանոթ եք ԴՄԱ-ի գործունեությանը, սակայն հնարավորություն չեք ունեցել ծանոթանալ գործող ծրագրերին և անդամակցության առավելություններին:

Հուսով եմ, որ հնարավորություն կունենանք շուտով հանդիպել՝ քննարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերը, ամրապնդելու համագործակցությունը և փոխըմբռնումը»:

--00—ԼՄ

Տեսանյութեր