ԱՄՆ Վորչեսթերի համալսարանի փոխնախագահը հիշեցրեց 2020-ին Արցախի վրա Ադրբեջանի հարձակման մասին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

1099416

ԱՄՆ Վորսչեսթերի պետական համալսարանի ակադեմիական հարցերով փոխնախագահ Հենրի Թերիոն Երևանում անցկացվող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի շրջանակում հիշեցրեց 2020 թվականին Ադրբեջանի կողմից Արցախի նաև խաղաղ բնակչության ուղղությամբ ԱԹՍ-ների կիրառման մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հենրի Թերիոն այս մասին խոսեց «Նորագույն տեխնոլոգիաների դերը ցեղասպանության կանխարգելման և հաշվետվողականության ջանքերն առաջ մղելու գործում» խորագրով պանելային նիստի շրջանակում իր առցանց ելույթում:

Թերիոն ընդգծեց, որ որոշ դեպքերում տեխնոլոգիական գործիքներն ազդում են այս կամ այն կողմի հավասարակշռության վրա: Բացի այդ, դժվար է պատկերացնել ԱԹՍ-ների կիրառումը՝ որպես թիրախային խմբերի կործանիչ գործիք: ԱԹՍ-ների կիրառմամբ երկու կողմերը կարող են ներգրավվել խաղաղ քաղաքացիական բնակչության  ոչնչացման մեջ:

«Այդ օրինակը տեսանք 2020 թ –ին Ադրբեջանի կողմից Արցախի հայկական տարածք ներխուժման ժամանակ: Ռազմական անօդաչու թռչող սարքերը հասանելի են հիմնականում միջազգային ասպարեզում հարստություն ու հզորություն ունեցողների համար, և ազատորեն օգտագործվում են թույլերի դեմ: ԱԹՍ-ները ցեղասպանության առանձնահատուկ վտանգ են ներկայացնում»,-նշեց Թերիոն:

Նա նկատեց, որ անօդաչու թռչող սարքերը՝ ի տարբերություն այլ զենքերի, մարդասպաններին թույլ են տալիս գործել լիակատար անպատժելիությամբ՝  համոզված լինելով, որ թիրախավորված անձինք չունեն իրենց ագրեսորին հետ թիրախավորելու միջոցներ:

--00—ՅՄ