Հայկական կողմը իրավունք չունի իր ձեռքով բացելու «Զանգեզուրի միջանցքը». Կիվիրյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

,

Այնպես չէ, որ Բաքուն չի կարող ուժային տարբերակով բացել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը».հաշվի առնելով իր հնարավորությունները ու հայկական բանակի ներկայիս վիճակը նա կարող է անգամ մի քանի ժամում հասնել դրան։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը:

«Սակայն նրան պետք է, որ Հայաստանն ինքն իր ձեռքով դա բացի, որ մի կողմից նա համաշխարհային հանրության կողմից չհռչակվի ագրեսոր, մյուս կողմից էլ անկանխատեսելի է, թե այդ պարագայում ինչպես իրեն կդրսեւորի Իրանը։ Թեհրանի համար դա պետական անվտանգության խնդիր է, ու Իրանը կարող է եւ ընդունակ է պատասխանել ուղղակի ներխուժմամբ, ընդ որում՝ ոչ միայն Սյունիք, այլ Նախիջեւան, Ջեբրայիլ-Զանգելան հատվածը ու Մուղան՝ փաստացի իր ադրբեջանաբնակ շրջանների ու բուն Ադրբեջանի միջեւ ստեղծելով այսպես կոչված «կամ իրեն լոյալ, կամ մեռյալ գոտի»։

Դրա համար որպեսզի չդիմի անտեղի ռիսկերի, իրականության  մեջ բավականին զգուշավոր Ալիեւին պետք է հասնել նրան, որ հայկական կողմը իր իսկ ձեռքերով բացի այդ միջանցքը, որպեսզի լուծվի եւ միջազգային հանրության հարցը, ով իրականության մեջ ներքուստ եւ արտաքուստ կողմ է այդ միջանցքին, եւ Իրանի հարցը, քանի որ եթե հայերը իրենք են բացում այդ միջանցքը, Իրանի ցանկացած կտրուկ գործողություն կդիտարկվի ոչ թե ագրեսորի զսպելու գործողություն, այլ հենց ինքը՝ Թեհրանը կդիտարկվի կամ կհռչակվի ագրեսոր։

Ինչեւէ, հայկական կողմը որեւէ պարագայում, անգամ եթե հակառակորդի զորքը սպառնա Երեւանին, իրավունք չունի իր ձեռքով կամավոր բացելու այդ միջանցքը՝ դրանով իսկ եւ մեզ եւ մեր սերունդներին զրկելով այս տարածքում պետականություն ունենալու իրավունքից եւ հնարավորությունից...»,- գրել է նա:

--00--ԱՀ