ՀՀ ՄԻՊ-ի միջամտության արդյունքում քաղաքացուն հաջողվել է ստանալ բնակարանի օգտագործման իրավունքը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News

326407566_531222888981399_5109726515972255828_n

Պաշտպանի միջամտության արդյունքում քաղաքացուն հաջողվել է ստանալ բնակարանի օգտագործման իրավունքը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՄԻՊ ֆեյսբուքյան էջից։

Քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ` խնդրելով պաշտպանի աջակցությունը։ 

Քաղաքացին տեղեկացրել է, որ միայնակ մայր է, և երեք տարի է՝ ժամանակավորապես բնակվում է մի բնակարանում, որը դեռևս Խորհրդային միության ժամանակ օգտագործման իրավունքով տրամադրվել է մի ընտանիքի, որն այդ բնակարանում բավականին երկար ժամանակ չի բնակվել:

Քաղաքացին բազմիցս դիմել է Տեղական ինքնակառավարման մարմին՝ բնակարանի օգտագործման իրավունքն իրեն հատկացնելու խնդրանքով, սակայն արդյունքի չի հասել:

Պաշտպանի աշխատակազմը գրություն է հասցեագրել Տեղական ինքնակառավարման մարմին՝ առաջարկելով քննարկել իրավունքի հատկացման հարցը, ինչպես նաև դիտարկել համայնքապետարանի ենթակայության հանրակացարաններից մեկում քաղաքացուն սենյակ հատկացնելու հարցը։

Պաշտպանի միջամտության արդյունքում՝ քաղաքացու բարձրացված հարցը դրական լուծում է ստացել, և նրան օգտագործման իրավունքով հատկացվել է այն բնակարանը, որտեղ բնակվում է։

--00—ՅՄ