Մայիլյանն անդրադարձել է ՀՀ ԱԳ նախարարի ելույթում հնչեցված Արցախի բլոկադան վերացնելու տարբերակներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News

Մասիսմայիլյան

Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարի կողմից միջազգայնորեն ճանաչված կարգավիճակ ունեցող Լաչինի միջանցքի ռազմական եղանակով ապաշրջափակման տեսական հնարավորության հիշատակումը ոչ համարժեք արձագանք է գտել Բաքվում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, ԱՀ ԱԳ նախկին նախարար Մասիս Մայիլյանը՝ անդրադառնալով Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի ելույթին, որում նա նշել է, որ Լաչինի միջանցքի շրջափակումը վերացնելու երկու տեսական տարբերակ կա. ռազմական կամ դիվանագիտական:

Ըստ Մայիլյանի՝ Հայաստանը հավատարիմ է երկրորդ տարբերակին, բայց դա հնարավոր է միայն միջազգային հանրության կողմից վճռական միջամտության, Ադրբեջանի վրա ուժեղ ճնշման և այդ ուղղությամբ շոշափելի գործողությունների պարագայում։ Գործելու ժամանակը հիմա է:

«Մինչդեռ Ադրբեջանի իշխանությունների կողմից Արցախի 120 հազար քաղաքացիների պատանդառությունը և նրանց ազատման համար պաշտոնական Բաքվի ներկայացրած քաղաքական և նյութական նախապայմաններն, ըստ միջազգային իրավունքի, հենց միջազգային ահաբեկչության բացահայտ դրսևորում են հանդիսանում։

Ահաբեկչական սպառնալիքի չեզոքացման նպատակով միջազգային իրավունքն ու միջազգային փորձը նախատեսում են պետությունների ուժային կառույցների համատեղ գործողություններ՝ ուղղված միջազգային ահաբեկչության դեմ պայքարին։ Արցախի Հանրապետության ապօրինի շրջափակման շարունակման դեպքում պետությունների ընկերակցությունը պետք է դիտարկի հնարավոր բոլոր տարբերակները, այդ թվում միջազգային հակաահաբեկչական համագործակցության շրջանակներում ռազմական տարբերակը՝ հանուն ցեղասպանության իրական սպառնալիքի տակ հայտնված Արցախի 120 հազար բնակչության փրկության»,- գրել է Մայիլյանը։

--00—ՅՄ