Հայ-թուրքական սահմանը՝ ԽՍՀՄ և անկախության տարիներին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News

Screenshot 2023-02-13 154227

 

Մինչ այս տարի պաշտոնական Երևանի կողմից Թուրքիայի երկրաշարժի հետևանքների վերացման համար հումանիտար օգնության տեղափոխումը, Մարգարայի կամրջով վերջին անգամ բեռ է տեղափոխվել 1993 թվականին։ Մի խումբ մեքենաներով 600 տոննա ցորեն է բերվել Թուրքիայից Հայաստան։ Այս մասին 24News-ին ասաց Հայաստանի տրանսպորտի և կապի նախկին նախարար (1990-98 թթ․), պրոֆեսոր Հենրիկ Քոչինյանը։

Սիրիական ցորենը հասավ պատերազմող Հայաստան Թուրքիայի տարածքով

Նախկին պաշտոնյան նշում է, որ Թուրքիայով Հայաստան բերված ցորենը որպես հումանիտար օգնություն ուղարկել էր Սիրիան․ «Ադրբեջանցիները բոլոր հաղորդակցության ուղիները փակել էին։ Խրամի (գետ Վրաստանում - խմբ.) կամրջի վրա մեր երկաթգիծը պայթեցրել էին մարտ ամսի կեսերին։ Այսինքն, մենք ծովով եկած ցորենը Թբիլիսի էինք բերում, այնտեղից՝ Ալավերդի, հետո գնացքով տեղափոխում Երևան։ Մի օրվա ցորեն էինք ունենում։ Եթե այդ օրը չէինք հասցնում, խնդիր էր առաջանում։ Սիրիան այդ 600 տոննա ցորենն ուղարկեց, և թուրքերը Մարգարայի կամուրջը բացեցին, ցորենը մեքենաներով բերվեց Երևանի ալրաղաց»։

Իսկ թե ինչ պայմանով Թուրքիան համաձայնեց տեղափոխմանն իր տարածքով հարցին Քոչինյանը պատասխանում է՝ որպես «բարի կամքի դրսևորում»․ «Ո՛չ պայմանագիր, ո՛չ համաձայնագրեր կային։ Հիմա աղետ է, չէ՞, ցորենի պակասն էլ մեզ համար էր աղետ։ Եթե մի օր մեր շարասյունները չգային, հաց չէինք ունենա։ Իսկ փոխադրումներ կատարելու համար 2 երկրների միջև պետք է լինեն համաձայնագրեր, պայմանագրեր, որտեղ պետք է հստակեցվեն պայմանները՝ ինչ ռեժիմով, քանի մեքենա, մաքսազերծում և այլն»։

Հայ-թուրքական սահմանը՝  խորհրդային տարիներին

Քոչինյանը վերհիշում է, որ ցորենի տեղափոխումից հետո իր պաշտոնավարման օրոք գոնե հրապարակավ կամուրջը չի գործարկվել․ «Խորհրդային տարիներին Մարգարայի կամուրջը խոշոր դերակատարում չի ունեցել, քանի որ բեռնափոխադրումը կատարվում էր Գյումրի-Կարս երկաթգծով, այն էլ՝ էպիզոդիկ։ Խորհդային Միությունից Թուրքիա տարբեր ապրանքներ (սարքավորումներ, հումքեր և այլն) տարվում էր, իսկ Թուրքիայից Գյումրու մսի կոմբինատը բերում էր միս։ 1992-93 թվականներին Գյումրի-Կարս երկաթգծով էլեկտրագնացք էր աշխատում, գյումրեցիները «Արտիբաշ» էին ասում։ Առևտրի հետ կապված ինչ-որ բան տանում էին Թուրքիա, փոխանակում, այնտեղից շորեր և այլ կենցաղային իրեր բերում։ Խորհրդային տարիներին միայն բեռնափոխադրում է եղել Թուրքիայից։ Մարգարայի կամրջով կարող էր տարեկան 1000 տոննա բեռ տեղափոխվել, երևացող բեռնափոխադրում չի եղել։ Այդ տարիներին միջպետական ավտոմոբիլային բեռնափոխադրումը շատ նվազ էր, 40 տոննա բեռ տանող մեքենա չկար, եղածները «Զիլ 131» բեռնատարներն էին՝ 5 տոննա բեռափոխադրմամբ»։

Ինչ վերաբերում է Խորհրդային տարիներին թուրք զբոսաշրջիկների՝ Հայաստան այցելություններին, ապա Քոչինյանն ասաց, որ այդպիսի հոսք չի նկատել․ «Իսկ Ռուսաստան, Ղրիմ օդանավով կամ նավերով (նավահանգիստներից) էին զբոսաշրջիկներն այցելում»։

Թուրք-խորհրդային հարաբերությունները՝ հայկական սահմանին

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը 24News-ին պատմեց, որ 80-90-ականներ թվականներին թույլատրված է եղել և՛ բեռնափոխադրում, և՛ ուղևորափոխադրում, սակայն խիստ ռեժիմ է գործել սահմանին․ «Եղել է համապատասխան ձևակերպում, եթե ցանկություն են ունեցել։ Չմոռանանք, որ սահմանին շատ մեծ պրոյեկտ էր իրականացվում՝ Ախուրյանի ջրամբարը թուրք-սովետական համատեղ պրոյեկտ էր։ Սահմանը եղել է խիստ ռեժիմով վերահսկողության տակ, քանի որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ էր։ ՆԱՏՕ-ական զինուժ է եղել։ Եվ նույնիսկ միջադեպեր են եղել, որ Թուրքիայից ամերիկյան ինքնաթիռները սխալմամբ վայրէջք են կատարել, Կարսի օդանավակայանը շփոթել են Լենինականի օդանավակայանի հետ։ Եղել են նաև հետախուզական թռիչքներ, ինքնաթիռներից երկուսը Հայաստանում կործանվել են»։

Դեմոյանը նշում է, որ ուղևորափոխադրումը եղել է սահմանափակ քանակությամբ․ «Օրինակ ես հիշում եմ՝ երբ գնացքը հասնում էր սահմանին խիստ մոտ՝ Երերույք-Անիպեմզա հատված, միշտ սահմանապահ ջոկ էր բարձրանում գնացքի վագոն, որպեսզի միջադեպեր չլինեն։ Քանի որ մեկը կարող էր գնացքից դուրս թռներ ու անցներ սահմանը»։

Քարվաճառի օպերացիայից հետո Անկարան փակեց սահմանը

Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը հիշեցնում է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը վերջին անգամ բաց է եղել 1993 թվականին, Քարվաճառի ազատագրումից հետո թուրքական կողմն ուղղակի փակել է սահմանը։ «Ասել, որ հայ-թուրքական սահմանը մեռյալ փակ է, այդպես չէ։ Բնականաբար, երկու կողմերից ջրային տնտեսությունների պատվիրակություններ են հանդիպում Ախուրյանի ջրամբարի հարցով։ Դա բնական է, բոլոր սահմանակից պետությունների միջև հարաբերությունների նման մակարդակ կա, որ կարգավորեն բնությունը, ջրերը։ Բայց պաշոնապես փակ է 1993 թվականից, 1-2 մեքենաների անցնելը չի նշանակում սահմանի բացվել»,- նկատում է Իսպիրյանը։

Թուրքագետը հավելում է, որ խորհրդային տարիներին նույնպես սահմանը փակ է եղել․ «Գործել է իմ ասած տարբերակով, ուղղակի պատվիրակությունների, սահմանապահ զորքերն են հանդիպել որոշ հարցերի կարգավորման համար։ 1988 թվականին, երբ Սպիտակի երկրաշարժը եղավ, Թուրքիան Մարգարայի կամրջով հումանիտար օգնություն ուղարկեց, Թուրքիայի Կարմիր մահիկի հավաքած բեռն էր։ Սա է եղել»։

24News-ի տեղեկություններով՝ Ախուրյանի ջրամբարի հարցով  Ջրային կոմիտեի նախագահ, Աբովյանի նախկին քաղաքապետ Վահագն Գևորգյանը՝ իր գլխավորած պատվիրակությամբ, սահմանին երբեմն հանդիպումներ ունեցել է իր թուրք պաշտոնակցի գլխավորած պատվիրակության հետ։

Սերգեյ Առաքելյան

--00—ՅՄ