Երեկ Ադրբեջանի ԶՈւ դիվերսիոն խումբը կատարել է միջազգային ահաբեկչություն․ Արցախի դատախազություն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

329881620_1244991086224884_5551542241534745462_n

2023թ. մարտի 5-ին, ժամը 10։00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինուժի դիվերսիոն խումբը Արցախի Հանրապետության ներքին վիճակը ապակայունացնելու նպատակով, Արցախի Հանրապետության տարածքում՝ «Ղայբալիշեն» կոչվող տեղանքից արևմուտք ընկած հատվածում, Արմենավան գետի ձախ ափին, իրականացրել է մարդկանց ոչնչացնելուն, նրանց մարմնական վնասվածքներ պատճառելուն, ճանապարհներ և հաղորդակցության միջոցներ, գույք ոչնչացնելուն կամ վնասելուն ուղղված գործողություններ: Այս մասին տեղեկանում ենք Արցախի դատախազությունից։

Կիրառելով տարբեր տրամաչափի զինատեսակներ, դիվերսիոն խումբը հարձակվել է նկարագրված տեղանքով անցնող ԱՀ  ՆԳՆ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության ծառայողական «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վրա՝ ուղղակի դիտավորությամբ, ապօրինաբար կյանքից զրկելով ոստիկանության  փոխգնդապետ Արմեն Մայորի Բաբայանին, ոստիկանության մայոր Դավիթ Վալերիի Դանիելյանին և ոստիկանության լեյտենանտ Արարատ Թելմանի Գասպարյանին, իսկ ոստիկանության լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանին պատճառել է մարմնական վնասվածքներ, այսպիսով կատարելով միջազգային ահաբեկչություն՝ օտար պետության ներքին վիճակը ապակայունացնելու նպատակով, օտարերկրյա պետության տարածքում մարդկանց ոչնչացնելուն, նրանց մարմնական վնասվածքներ պատճառելուն, ճանապարհներ և հաղորդակցության միջոցներ, գույք ոչնչացնելուն կամ վնասելուն ուղղված գործողություններ: 

Սույն դեպքի առթիվ 05.03.2023թ. ԱՀ  քննչական կոմիտեում հարուցվել քրեական գործ՝ ԱՀ քրեական օրենսգրքի 415-րդ հոդվածով /Միջազգային ահաբեկչությունը/ նախատեսված հանցագործության հատկանիշներով:

Կատարվում է նախաքննություն:

Քրեական գործի մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունն իրականացնում է ԱՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված և ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով բաժինը:

--00—ՅՄ