25-ամյա վարորդը Opel-ով կողաշրջված հայտնվել է ճանապարհի մեջտեղում. կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News

պատահար

Այսօր՝ մարտի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Ժամը 19:30-ի սահմաններում՝ 25-ամյա Կարեն Աղաջանյանը իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Երևան-Իջևան ավտոճանապարհի 78 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին ու քարերին, ապա կողաշրջվել և մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Կ․ Աղաջանյանն ու նրա ուղևոր 24-ամյա Գ․ Հ․-ն օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Սևանի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա շտապօգնության ավտոմեքենայով տեղափովել Սևան բժշկական կենտրոն։

Վիրավորներին, մինչև շտապօգնության ժամանումը, առաջին բուժօգնություն են ցուցաբերել վթարի հարևանությամբ գործող «Սեմոյի մոտ» ռեստորանային համալիրի աշխատակիցները։

Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է Ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

--00—ՍՊ