Էրդողան. «S-400-ների հարցում հետքայլ անելու մասին խոսք չկա»

ԵՐԵՎԱՆՄԱՐՏԻ 16, 24News

.

Թուրքիայի կողմից ռուսաական «S-400» ՀՕՊ համակարգերի գնման պատճառով վերջին շրջանում լարվող թուրք-ամերիկյան հարաբերությունների ֆոնին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին անդրադարձել է այդ թեմային: Այս մասին գրում է Էրմենիհաբերը:

«S-400-ների հարցում հետքայլ անելու մասին խոսք չկա»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը՝ ավելացնելով, որ ավելի վաղ իրենք ԱՄՆ-ին հայտնել էին «Patriot» ՀՕՊ համակարգեր գնելու ցանկության մասին, բայց կոնգրեսն արգելել է այդ համակարգերի վաճառքը Թուրքիային:   

Էրդողանը շեշտել է, որ այս հարցում Ռուսաստանի դիրքորոշումն ավելի դրական է Թուրքիայի նկատմամբ:

«Մենք ասել ենք, որ եթե համատեղ արտադրությունն ու վարկավորումը հնարավոր լինի, ձեզանից էլ կարող ենք «Patriot» գնել: Մեր պաշտպանության նախարարները շարունակում են համատեղ քննարկումները:  Հուլիս ամիսը շատ կարևոր է «S-400» համակարգերի մատակարարման հարցում»,- ասել է Էրդողանը:

Ավելացնենք, որ ՆԱՏՕ-ն ու ԱՄՆ-ը բազմիցս դեմ են արտահայտվել Թուրքիայի կողմից ռուսական ՀՕՊ համակարգերի գնմանը՝ կոչ անելով հրաժարվել այդ համակարգերից, քանի որ դրանք չեն կարող ինտեգրվել ՆԱՏՕ-ի համակարգերին:

ԱՄՆ-ն վերջին շրջանում բազմիցս հայտարարել է, որ ռուսական համակարգերի գնումից չհրաժարվելու դեպքում Թուրքիան կարող է զրկվել «F-35» կործանիչների մատակարարումից: Թուրքական կողմը վերջին շրջանում բազմաթիվ պաշտոնյաների շուրթերով հայտարարել է, որ «S-400»-ների գործարքն արդեն կայացած փաստ է, և Թուրքիան չի կարող հրաժարվել դրանից: