Որոշվել է՝ Գագիկ Բեգլարյանի և Մհեր Սեդրակյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

1

Տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի և ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի նկատմամբ որոշում է կայացվել քրեական հետապնդում չիրականացնել։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրել են Հատուկ քննչական ծառայությունից։ Պատասխանում մասնավորապես նշվում է. «Գ. Բեգլարյանի և Մ. Սեդրակյանի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկված քրեական գործով կատարված նախաքննության ընթացքում նրանց վերագրվող արարքների վերաբերյալ բավարար ապացույցների համակցություն ձեռք չի բերվել, և քննիչի կողմից որոշում է կայացվել Գ. Բեգլարյանի և Մ. Սեդրակյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին»:

Արդյունքում՝ քրեական գործը, ըստ քննչական ենթակայության, ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե:

Ավելի վաղ հայտնել էինք, որ  «Ունիվերսալ» վարկային կազմակերպության տնօրենի կողմից 2017 թ. հաղորդում էր ներկայացվել՝ 2012-2016 թթ ընթացքում նույն ընկերության նախկին գործադիր տնօրենի կողմից լիազորություններն ընկերության շահերին հակառակ օգտագործելու և ընկերության ներքին իրավական ակտերի ու ՀՀ օրենսդրության պահանջների խախտմամբ բազմաթիվ կազմակերպությունների վարկեր տրամադրելու վերաբերյալ:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասով, որը վարույթ էր ընդունվել ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա` 2017 թվականին որոշում էր կայացվել՝ նախկին գործադիր տնօրենին ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։