157 մլն դրամ՝ Երևանի Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի վերանորոգմանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

Քաղաքապետարան

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Երևանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի վերանորոգմանը։ Գրառման մեջ նշված է․

«157 մլն դրամ՝ Երևանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի վերանորոգմանը։

Ավագանին հաստատեց Երևանի բյուջեի լրամշակված տարբերակը: Հատկացված բյուջեն կուղղվի Երևանի «Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական» թատրոնի վերազինման և վերանորոգման աշխատանքներին: Երևանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դահլիճի, հարդարման սենյակների սրահի օդափոխության, բեմական լուսային և ձայնային համակարգերի վերազինման, անվտանգության և տեսանկարահանման ու ցուցադրման համակարգերի տեղադրման, ինչպես նաև դահլիճի և ամֆիթատրոնի բազկաթոռների նորացման իրականացման նախագծա-նախահաշվային փաստաթղթերը կազմվել և հանձնվել են 2018 թվականին:

Այսպիսով կլուծվի նաև քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ևս երկու թատրոնների՝ «Երևանի Պատանի հանդիսատեսի» և «Մհեր Մկրտչյան արտիստական» թատրոնների վերազինման հարցը: Աշխատանքներն ավարտվելուց հետո «Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական» թատրոնի կողմից նախկինում շահագործված և նորով փոխարինված սարքավորումները և գույքը կհանձնվեն Երևանի քաղաքապետարանի ենթակայության՝ «Մ. Մկրտչյանի անվան արտիստական» և «Պատանի հանդիսատեսի» թատրոններին: Մեկ թատրոնին տրամադրելով վերազինման բյուջե՝ մենք լուծում ենք միագամից երեք թատրոնի վերազինման խնդիր»: