Արգենտինայում Հայոց ցեղասպանության թանգարանի կառուցման համար գումար կհավաքվի․ «Արմենպրես»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

թանգարան

Արգենտինայում կառուցվող Հայոց ցեղասպանության թանգարանը նպաստելու է հասարակության շրջանում ցեղասպանության վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացմանը, կրթելու է նոր սերունդներին, տարեր հաստատությունների ուշադրությունն է հրավիրելու թանգարանի վրա: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Արգենտինայում Հայոց ցեղասպանության թանգարանի հարցերով պատասխանատու, Հայոց ցեղասպանության հիշատակի հիմնադրամի ղեկավար, պրոֆեսոր Նելիդա Բուլգուրջյանը, ով մանրամասներ ներկայացրեց թանգարանի կառուցման ծրագրից:

-Տիկին Նելիդա, օրերս տեղեկատվություն եղավ այն մասին, որ Բուենոս Այրեսի քաղաքապետարանը հավանություն է տվել Հայոց ցեղասպանությանը թանգարանի կառուցմանը:Սակայն տարիներ առաջ, եթե, չեմ սխալվում, եղել է կառույցի հիմնարկեքի արարողությունը: Նույնիսկ խոսվում էր շենքի ակտիվ շինարարության մասին և բացման ժամկետներ էին նշվում: Մի փոքր կպարզաբանեք, թե ինչ գործընթաց է տեղի ունենում:

-Հայոց ցեղասպանության հիշատակի հիմնադրամը ստեղծվել է 2008 թվականին, որի առաքելությունն էր կառուցել Արգենտինայում Հայոց ցեղասպանության թանգարան: Գաղափարի խթանողներն էին Խուան Կարլոս Թուֆեկսյանը, ես և մի խումբ մարդիկ, ովքեր նույն նպատակն ունեին: Այդ ժամանակից ի վեր, նրանք քայլեր արեցին թանգարանի համար տարածքի ձեռքբերման համար, որովհետև համարում էին, որ Արգենտինայում հայերի պատմությունը ոչ միայն հայ համայնքին է պատկանում, այլեւ ամբողջ Արգենտինայի հասարակությանը, որին մաս են կազմում հայերի ժառանգները: Ազգային մակարդակում բարդ ջանքերից հետո Բուենոս Այրես քաղաքի օրենսդիր և գործադիր մարմիները 2014 թվականին ձեռքբերեցին տարածք, որը 433 քմ է: Այն գտնվում է մայրաքաղաքի հայկական համայնքի կենտրոնին մոտ՝ Գուրրուչագա փողոցում, հայկական եկեղեցու մոտակայքում։ Վայր, որտեղ հայ համայնքի կյանքի սիրտն է: Հիմնադրամը ձգտում էր, որ տարածքի հատկացումն օրենքով ամրագրվի: Այդ իսկ պատճառով համայնքն այդ համատեքստում էր աշխատանք տանում՝ առանց սկսելու թանգարանի շինարարական աշխատանքները: -Վերջապես, փետրվարին քաղաքի օրենսդիր մարմինը օրենքով հաստատեց:

-Ներկայում գործընթացն ի՞նչ փուլում է, ի՞նչ աշխատանք է տարվում:

-Ինչպես արդեն ասացի, մենք ուզում էինք ունենալ գործընթացի օրենքով հաստատումը մինչ շինարարության մեկնարկը տալը: Այդ ընթացքում ճարտարապետները եւ կամավորները նախապատրաստեցին նախագիծ եւ կապեր հաստատեցին նախագծով հետաքրքրվողների հետ: Այս տարի նախատեսում ենք սկսել շինարարությունը, սակայն մինչ այդ կսկսենք միջոցներ հավաքել:

-Ցուցանմուշների հավաքագրման ի՞նչ աշխատանք է տարվում: Որո՞նք են ցուցանմուշների հավաքագրման աղբյուրները:

-Մենք հավաքագրել ենք լուսանկարներ, նյութեր, որոնք բերվել են Արգենտինա մեր հայրենակիցների կողմից, լուսանկարներ, որոնք արվել են այստեղ և մեր կողմից նախապատրաստած ցուցահանդեսի մաս են կազմում: Մենք ներկայացրել ենք առաջին ցուցադրությունը 2015 թվականին և դրանից հետո այն ընդլայնել ենք ու ներկայացրել պաշտոնական վայրերում՝ խորհրդարան, Բուենոս Այրեսի օրենսդիր մարմին և այլն: Աղբյուրների հետ կապված ասեմ, որ մենք ունենք անձնական փաստաթղթեր եւ ինստիտուցիոնալ փաստաթղթավորում: Գրադարանի համար մենք հավաքագրել ենք հնագույն գրքեր, որոնք նվիրատվություն են եղել: Առանձնացրել ենք նոր գրքեր «Խուան Կարլոս և Նելիդա» գրադարանից, որոնք նույնպես կնվիրաբերվեն: Մենք ունենք նաև վավերագրություններ, նյութեր, որոնք ժամանակին փախստականներն իրենց հետ են բերել: Շենքի նախագծի հետ կապված դեռ հստակեցումներ կան, սակայն նախատեսում ենք, որ այն կունենա ընդունարան, գրախանութ, գրադարան, ցուցասրահներ, լսարաններ՝ դասախոսությունների համար և այլն: Սա մեր գաղափարն է, կարծում եմ, որ առաջիկա շաբաթներին մենք կունենանք կոնկրետ որոշում:

-Թանգարանի կառուցումն ինչպիսի՞ կարևորություն ունի և ի՞նչ ակնկալիքներ կան նման կառույցի գործունեությունից: Այն ի՞նչ գործառույթներ է իրականացնելու:

-Առաքելությունն արմատավորված է այն գաղափարում, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ դասընթացների միջոցով մենք կաշխատենք խթանել մարդկային արժանապատվության արժևորման գաղափարը եւ կանխարգելել այլ ցեղասպանությունները: Տեսլականը կենտրոնացած է այն գաղափարի վրա, որ թանգարանը ծառայելու է որպես հուշահամալիր թուրքական ռեժիմի վարած քաղաքականության հետևանքով զոհված 1.5 միլիոն հայերի համար, նպաստելու է ցեղասպանության վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացմանը՝ կենտրոնանալով Հայոց ցեղասպանության վրա: Կրթելու ենք նոր սերունդներ՝ ցույց տալով, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ այլոց չընդունելը` էթնիկ, կրոնական կամ քաղաքական տեսանկյունից:

-Թանգարանը որքանո՞վ կարող է իր ներդրումն ունենալ ապագայում մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման հարցում:

-Մեր աշխատանքը կենտրոնացած է նպաստելու առավել հանձնառու հասարակության ձևավորմանը: Նույնիսկ առերեսվելով պատմության ցեղասպան անարդարության հետ, որը եղավ Հոլոքոստի դեպքում, Կամբոջայում, Բոսնիայում, Ռուանդայում, Դարֆուրում, մենք չենք կորցնում հույսը, որ այս հարցի հետ կապված կրթելով, ուսուցանելով հաջորդ սերնդին, ինչ-որ բան կփոխվի: Մեր ամբողջ աշխատանքն ուղղված է ապագայում մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կանխարգելմանը, եթե դա հնարավոր է:

-Հարցազրույցներից մեկում նշել էիք, որ թանգարանի ծրագիրը ուղղված է ոչ միայն հայ համայնքին, այլեւ Արգենտինայի հասարակությանը: Նույնիսկ խոսել էիք այն մասին, որ արգենտինացի ուսանողները հնարավորություն կունենան այցելել թանգարան անվճար: Արգենտինայի հասարակության ուշադրությունը դեպի թանգարան սևեռելու հետ կապված ի՞նչ ծրագրեր կան նախատեսված:

-Մենք չենք փոխել մեր այդ նպատակը: Ներկայում մենք կենտրոնացել են թանգարանի ծրագրի վրա, սակայն հետաքրքրված ենք այն հարցով, որ հրավիրենք Արգենտինայի դպրոցների, տարբեր կազմակերպությունների, հաստատությունների, համալսարանների ուշադրությունը:

-Արդյո՞ք թանգարանի բացման ժամկետները նախանշված են, թեկուզ մոտավոր:

-Կոնկրետ ժամկետների հետ կապված դժվար է ինչ-որ բան ասել, սակայն հույս ունենք, որ երկու տարուց:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս