«Փաշինյանը ստում է, Լելե Թեփեի օպերացիայի ժամանակ որդիս վիրավորվել և տեղափոխվել է հոսպիտալ»․ Օհանյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 4, 24News

21e8accb-a78b-4dfa-b021-b0e313c7f735.jpg

Նիկոլ Փաշինյանը սուտ է խոսում, Լելե Թեփեի օպերացիայի ժամանակ իմ որդին վիրավորվել ու տեղափոխվել է հոսպիտալ: Այս մասին «Առավոտ»-ին տված հարցազրույցում նշել է Արցախի և Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, ՀՀ ԶՈՒ գեներալ-գնդապետ, Արցախյան պատերազմի և հայ-ադրբեջանական պատերազմի մասնակից, Արցախի հերոս, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Պարոն Օհանյան, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստում Նիկոլ Փաշինյանը խոսեց նաեւ Լելե Թեփեի ձախողված օպերացիայի մասին։ Նա այդ օպերացիայի պատասխանատվությունը բարդում է գեներալների, մասնավորապես, ձեր որդու վրա՝ առանց նրա անունը տալու։ Ըստ Փաշինյանի՝ ձեր որդին հրաժարվել է մասնակցել օպերացիային, ինչպե՞ս կմեկնաբանեք սա։

Ես օպերացիաները չեմ ուզում մեկնաբանել, որովհետեւ օպերացիաները գաղտնի են պլանավորվում։ Որքան ես հիշում եմ, 2020 թվականի պատերազմի օրերին ինքը՝ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ խոշոր օպերացիա է իրականացվելու, որի հաջողությունները հասարակությունը կտեսնի։ Այսինքն՝ ինքը, լինելով շատ հեռու ռազմաքաղաքական իրավիճակը գնահատելուց եւ նաեւ հաշվի չառնելով գաղտնիության ռեժիմը, այդպիսի հայտարարություն էր արել։ Հիմա ինքը նաեւ շարունակում է հրապարակային քննարկել այն օպերացիաները, որոնք տեղի են ունեցել զինված ուժերում եւ Արցախի Պաշտպանության բանակում, ընդ որու՝մ չտարբերելով հակահարձակումը հակահարվածից։ Ես ինչքան գիտեմ, դա Արցախի Պաշտպանության բանակի համար հակահարված է եղել, ոչ թե հակահարձակում։ Ես այսօր իրավասու չեմ օպերացիաներին ամբողջական գնահատական տալ ու վերլուծություն անել։

Եթե խոսքը վերաբերում է իմ որդուն, կարող եմ ասել հետեւյալը։ Իմ որդին ծառայում էր Պաշտպանության բանակում եւ այդ օպերացիաներից մեկի, կարծեմ հենց Լելե Թեփեի օպերացիայի ժամանակ ինքը վիրավորվել է։ Կարծում եմ, որ այն ժամանակ է վիրավորվել, երբ իրենց ստորաբաժանումները հարձակման ու առաջխաղացման ընթացքում են եղել։ Վիրավորվելուց հետո ինքը զեկուցել է իր ղեկավարությանը, եւ ղեկավարությունը որոշում է ընդունել իր փոխարեն այլ անձի նշանակել, իսկ ինքը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ։ Եթե փորձում են դրա մեջ ինչ-որ բան գտնել, ասել, որ հրաժարվել է մասնակցել օպերացիային, ինչպես մյուս հարցերում են մանիպուլացնում ու սուտ խոսում, այս հարցում էլ ինքը սուտ է խոսում։ Եվ ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը սուտ է խոսում։ Ես իմ որդու հետ զրուցել եմ, ինքը վիրավորվել է մարտական գործողությունների ժամանակ, այն դեպքում, երբ ինքը կարող էր գտնվել իր հրամանատարական կետում։ Բայց ինքը դուրս է եկել առաջնագիծ՝ մարտակարգերում համապատասխան իրավիճակ ստեղծելու համար։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ԶՀ