Մասաչուսեթսի նահանգապետը Ջո Բայդենին կոչ է արել մարդասիրական աջակցություն ցուցաբերել ԼՂ-ին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 20, 24News

af173bc3-780c-4e58-9ce4-c4dc158ed2c7.jpg

ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի նահանգապետ Մորա Հիլին նամակ է ուղղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ կապված Լաչինի միջանցքի փակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի հետ, գրում է «Լուրերը»։

Նա մտահոգություն է հայտնել ԼՂ-ում ապրող 120 000 հայերի համար ահագնացող հումանիտար ճգնաժամի կապակցությամբ, հիշեցրել սննդամթերքի, դեղորայքի և այլ անհրաժեշտ ապրանքների մատակարարումների դադարեցման և մարդկանց ազատ տեղաշարժի՝ ամիսներ շարունակ խափանման մասին։ Հիլին ընդգծել է հայերի համար երկրորդ ցեղասպանության վտանգի մասին ահազանգերը։

Նահանգապետը հիշեցրել է նաև Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժն ապահովելու վերաբերյալ Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների և միջանցքը բացելու՝ Արդարադատության միջազգային դատարանի պահանջների մասին։

Հիլին նախագահ Բայդենին կոչ է արել գտնել հնարավոր բոլոր ուղիները Լեռնային Ղարաբաղի ժողովրդին մարդասիրական աջակցություն ցուցաբերելու համար և շարունակել առաջ տանել շրջափակումը վերացնելու դիվանագիտական ջանքերը: Նա ԱՄՆ վարչակազմին հորդորել է օգտագործել բոլոր հնարավոր գործիքները՝ ապահովելու ԼՂ անվտանգությունը և աջակցելու Հայաստանի խաղաղությանը։

Նահանգապետը հիշեցրել է, որ Մասաչուսեթսի համայնքը վաղուց ճանաչել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

--00—ԶՀ