Սմբատյանի միջազգային մշակութային ներգրավվածության անխաթարությունը ՀՀ միջազգային վարկանիշի խնդիրն է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 1, 24News

358155007_1239927623342277_3347323761072705396_n

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտները և աշխատակազմը հայտարարություն է տարածել․

«Հարգելի՛ ընկերներ,

Ինչպես տեղյակ եք, հանրային դաշտում լայն քննարկում են գտել նվագախմբի հիմնադիր գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի անվան շուրջ ծավալվող տեղեկությունները, որոնք տարակուսանք են առաջացրել ինչպես ներքին, այնպես էլ միջազգային լսարանի շրջանում:

Մենք անդադար շարունակում ենք ստանալ մեծաթիվ արձագանքներ հայաստանյան և արտասահմանյան գործընկերների, արվեստի աշխարհի հեղինակավոր գործիչների և մաեստրո Սերգեյ Սմբատյանի ու Սիմֆոնիկ նվագախմբի երկրպագուների կողմից և շնորհակալություն ենք հայտնում սատարման, ջերմ խոսքերի և ընթացիկ իրադարձությունների հանդեպ սթափ մոտեցումների համար:

Համոզված ենք, որ գործընթացի անաչառության և պատշաճության պահպանման դեպքում Մաեստրո Սմբատյանին կընձեռվի հնարավորություն՝ վերականգնելու իր և Հայաստանի համար չափազանց մեծ նշանակություն ունեցող մշակութային գործունեությունը:

Մենք հույս ենք հայտնում, որ բարձրացված աղմուկին շուտափույթ կերպով կփոխարինեն հավասարակշռված տեղեկատվությունն ու վերլուծությունը, կկայացվեն ողջամիտ որոշումներ, և մինչև քննության ավարտը Սերգեյ Սմբատյանին հնարավորություն կտրվի լինելու ազատության մեջ` նվագախմբի կողքին:

Ամենայն հարգանքով իրավապահ համակարգի նկատմամբ՝ մենք ցանկանում ենք ընդգծել, որ Մաեստրո Սմբատյանի միջազգային մշակութային ներգրավվածության անխաթարությունը նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Հայաստանի Հանրապետության միջազգային վարկանիշի պահպանման խնդիրն է:

Մեկ անգամ ևս շնորհակալություն ենք հայտնում դժվարին պահերին մեր կողքին լինելու համար»:

--00—ՅՄ