Լիանա Գյուրջյանը՝ Եվրոպայի չեմպիոն. ծանրամարտի Մ23 ԵԱ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 3, 24News

եվր

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 առաջնությունում Լիանա Գյուրջյանը (87 կգ) նվաճել է չեմպիոնի կոչումը։

Մինչև 23 տարեկանների պայքարում Լիանան երկամարտում գրանցել է 221 կգ (96+125)՝ փոքր ոսկե մեդալներ նվաճելով նաև պոկում ու հրում վարժություններում։ Նա 5 կգ-ով գերազանցել է երկրորդ տեղը գրաված ռումինացի Ալեքսանդրա Ալեքսիի ցուցանիշը։

Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչներից Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ, Մ23), Գառնիկ Չոլակյանը (61 կգ, Մ23), Սուրեն Գրիգորյանը (89 կգ, Մ20) և Գարիկ Կարապետյանը (102 կգ, Մ20) հռչակվել էին Եվրոպայի չեմպիոն: Կարեն Մարգարյանը (81 կգ) դարձել էր Եվրոպայի Մ23 փոխչեմպիոն, մինչև 20 տարեկանների պայքարում Տիգրան Կարապետյանը (67 կգ), Գոռ Սահակյանը (73 կգ) և Էմմա Պողոսյանը (81 կգ) նվաճել էին արծաթե մեդալ, իսկ Ալեքսանդրա Գրիգորյանը (58 կգ), Սեյրան Խուդանյանը (55 կգ), Մերուժան Եղոյանը (61 կգ), Մարտին Պողոսյանը (73 կգ), Մնացական Աբրահամյանը (81 կգ) և Ջուլիետա Ավանեսյանը (+87 կգ) դարձել էին բրոնզե մեդալակիր։

--00—ԼՀ