Հայաստանն ու Իրանը երկարաձգել են «Գազ` էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագրի ժամկետը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News

rt

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում օգոստոսի 10-ին ստորագրվել է «Գազ` էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագրի երկարաձգման և ծավալների ավելացման փաստաթուղթը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տարածած հաղորդագրությունից, պայմանագիրը ստորագրել են Երևան ՋԷԿ ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Արամ Ղազարյանը և Իրանի Իսլամական Հանրապետության նավթի փոխնախարար, գազի ազգային ընկերության տնօրեն Մաջիդ Չեգենին։

Պայմանագիրը երկարաձգվել է մինչև 2030 թվականը։

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը շնորհավորել է կողմերին պայմանագրի երկարաձգման կապակցությամբ՝ ընդգծելով, որ այն հայ-իրանական բարեկամական հարաբերությունների լավագույն դրսևորումներից մեկն է։

«Պայմանագրի երկարաձգումը շահավետ գործարք է երկու երկրների համար։ Պայմանագրի երկարաձգմամբ հնարավորություն է ստեղծվում ավելացնել նաև գազի ներմուծման և էլեկտրաէներգիայի արտահանման ծավալները, որը միանշանակ դրական ազդեցություն կունենա երկու երկրների տնտեսության զարգացման վրա»,-ասել է նախարարը:

Մաջիդ Չեգենին իր հերթին կարևորել է պայմանագրի երկարաձգման փաստը՝ ընդգծելով, որ այն նոր զարկ կհաղորդի հայ-իրանական հարաբերությունների զարգացմանը։

 

--00—ԱՊ