Քաղաքական միասնություն անհրաժեշտ է ապահովել և՛ նախընտրական, և՛ հետընտրական շրջանում․«Միասին» շարժում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News

279971643_327104552839056_88887018615514306_n

«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման համակարգող խորհուրդը հայտարարություն է տարածել․

««Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը, կարևորելով սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևան քաղաքի ավագանու ընտրությունները,

հավատարիմ մնալով իր որոշմանը՝ պաշտպանել և աջակցել ընդդիմադիր ուժերի միասնական  թեկնածուին․

փաստելով, որ առ այսօր այդ գործընթացը չի ավարտվել,

Երևանի ապագա քաղաքապետին և իր հետ ընտրված ավագանու կազմին համարելով քաղաքական պատասխանատվության առանցքային դերակատարներ՝

դիմում է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող այն ուժերին, որոնք իրենց հիմնանպատակը համարում են ՀՀ-ում համակարգային իշխանափոխությունը, հետևյալ հորդորով՝

Ա․ Վերջնական ձևակերպել և երևանցիներին հայտնել իրենց ներքին և արտաքին քաղաքական առաջնային դիրքորոշումները։

Բ․ Սահմանել Արցախի հանդեպ իրականացվող ադրբեջանական ցեղասպանական քաղաքականության գնահատականը, շրջափակման հանդեպ վերաբերմունքը և Արցախի ինքնորոշման իրավունքի հետագա լիակատար իրականացման վերաբերյալ կամքը։

Գ․ Հավատարմությունը ՀՀ Անկախության հռչակագրին և ՀՀ Սահմանադրությանը։

Դ․ Առաջարկել հստակ վերահսկողական մեխանիզմներ, որոնց միջոցով իրենց ընտրողները հետագայում հնարավորություն կունենան պահանջել և ստանալ հաշվետվություն այն ուժերից, որոնց ընտրել են։

Նշված դիրքորոշումների համընկնումը հիմք կծառայի համախմբվելու և միասնական թեկնածու հռչակելու համար։  Միաժամանակ, գտնում ենք, որ քաղաքական միասնություն անհրաժեշտ է ապահովել և՛ նախընտրական, և՛ հետընտրական շրջանում։

Միայն այս պարագայում ընտրողը վստահությամբ կքվեարկի իրական ընդդիմության օգտին։ «Միասին» շարժման անդամները և համակիրները նույն կերպ կվարվեն։ Ակնկալում ենք ձեր դիրքորոշման հրապարակային ներկայացումը։

Տե՛ր կանգնենք մեր խոստումներին,  քվեին, և հաղթանակը ժողովրդինը կլինի»։

--00—ՅՄ