Էրդողանը Պուտինի հետ կշարունակի քննարկել «հացահատիկի գործարքի» ապագան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News

էր

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ շարունակելու է հեռախոսազրույցները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ Սևծովյան հացահատիկային նախաձեռնությունը «վերակենդանացնելու» համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով «Անադոլու» գործակալությունը:

Ըստ «Անադոլու»-ի ՝ Թուրքիայի ղեկավարը նշել է, որ այդ ջանքերն ուղղված են աֆրիկյան ամենաքիչ զարգացած երկրներին օգնելուն:

Էրդողանն ընդգծել է, որ Անկարան շարունակելու է մշակել Սևծովյան հացահատիկային միջանցքի բացմանն ուղղված լուծումներ:

Բացի այդ, նա Արևմուտքին խորհուրդ է տվել ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ Թուրքիան միակ երկիրն է, որը ձգտում է կանխել պարենային ճգնաժամը:

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ «հացահատիկի գործարքի» շուրջ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների բանակցությունների հերթական փուլի նոր ամսաթիվ չկա, բայց առաջնորդները պայմանավորվել են, որ անհրաժեշտության դեպքում նրանք ևս մեկ տարի չեն սպասի միասին հանդիպելու համար:

  --00—ԼՀ