Փաշինյանը երազում էր, որ Էրդողանն իրեն բարևի, իսկ Արցախի նախագահին չշնորհավորեց. Օհանյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News

Չի բացառվում, որ Ադրբեջանը ծուղակ պատրաստի և չբացի Լաչինի միջանցքը, կամ բացելուց հետո նորից փակի, բայց ամեն դեպքում Աղդամով Ռուսաստանի կողմից հումանիտար բեռների մուտքը դրական է: Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Արցախի իշխանությունը պետք է հստակ որոշում կայացնի՝ չնայելով տարբեր քաղաքական ուժերի, Արցախի շահն է հիմա կարևոր: Պետք եղած դեպքում Արցախը ձեռքը պետք է խփի սեղանին, որ կարողանա իր շահերը առաջ տանել»,- ավելացրեց Օհանյանը:

Խոսելով Արցախի նոր ընտրված նախագահին Հայաստանի իշխանության կողմից չշնորհավորելու հանգամանքի մասին՝ Օհանյանը նշեց, որ անբարոյականություն է, երբ ՀՀ իշխանությունը չի շնորհավորում Արցախի նոր նախագահին. «Փաշինյանը Էրդողանին է միայն շնորհավորում, իսկ Արցախի նախագահին ասում է՝ շնորհավորելու բան էլ չկա: Փաշինյանը թող չարդարանա, Արցախի նախագահին շնորհավորելը պատերազմ սկսելու հիմք չէ: Նա գնացել էր Էրդողանին շնորհավորելու, Ալիևի հետևը նստած երազում էր, որ իրեն բարևի, իսկ Արցախի նախագահին չշնորհավորեց»:

Խոսելով ընդդիմության կողմից ձեռնարկվող ցույցերի և պայքարի վերսկսման մասին՝ խմբակցության ղեկավարը նկատեց, որ պայքարը սեփականաշնորհված չէ․«Խորհուրդ կտամ ընդդիմադիր դաշտին համախմբվել և միասին դուրս գալ պայքարի, միայն այդ կերպ հաջողության կհասնենք»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ