ԵՄ-ն կարող է վերանայել Ադրբեջանի հետ հարաբերությունները ԱՀ-ում ճգնաժամի վատթարացման դեպքում․ Reuters

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

1121162

Եվրամիությունը կարող է վերանայել Ադրբեջանի հետ հարաբերությունները, ներառյալ՝ ֆինանսական օգնությունը, և անհատական պատժամիջոցներ կիրառել, եթե իրավիճակը վատթարանա Բաքվի կողմից Լեռնային Ղարաբաղում ռազմական ճանապարհով վերահսկողություն սահմանելուց հետո։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ԵՄ դիվանագիտական ծառայության փաստաթուղթը, որը հայտնվել է իր տրամադրության տակ։

Ըստ փաստաթղթի՝ ԵՄ-ն կարող է վերանայել քաղաքական ներգրավվածությունը, ֆինանսական աջակցությունը և ոլորտային համագործակցությունը, սակայն ավելի հստակ մանրամասներ չեն հաղորդվում։ Ի դեպ, ըստ Reuters-ի, փաստաթղթում նաև չի նշվում Ադրբեջանի էներգետիկ հատվածը։

ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելը և 27 անդամ երկրներից շատերի ղեկավարները դատապարտել են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի վրա սեպտեմբերի 19-20-ին իրականացված լայնածավալ հարձակումը։ Այնուամենայնիվ, ըստ Reuters-ի, դիվանագետները նշում են, որ ԵՄ երկրների շրջանում տարաձայնություններ կան Բաքվի նկատմամբ ավելի խիստ դիվանագիտական կամ քաղաքական գործողություններ ձեռնարկելու շուրջ։ Դրա պատճառներից է նաև այն, որ ԵՄ-ն ավելի շատ կախվածություն է ձեռք բերում ադրբեջանական նավթից ու գազից՝ որպես ռուսականին այլընտրանք։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ