Գուտերեշը ՄԱԿ-ի ԱԽ-ին կոչ է արել միջամտել Իսրայել-Գազա հակամարտությանը․ Իսրայելը կոշտ է արձագանքել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

հհ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դիմել է ՄԱԿ-ի կանոնադրության՝ հազվադեպ կիրառվող 99-րդ հոդվածին և խնդրել, որ Անվտանգության խորհուրդը միջամտի՝ Գազայի հատվածում վերահաս «հումանիտար աղետը» կանխելու համար։ Իսրայելը Գուտերեշի այս հայտարարությունը համարել է կողմնակալ վերաբերմունք։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Associated Press-ը։ 

15 անդամներից բաղկացած Անվտանգության խորհրդին իր նամակում Գուտերեշը գրել է․ «Միջազգային հանրությունը պատասխանատվություն ունի՝ օգտագործել իր ողջ ազդեցությունը՝ կանխելու հետագա էսկալացումը և վերջ դնելու այս ճգնաժամին»։

Անվտանգության խորհրդի անդամներից Արաբական Միացյալ Էմիրությունները որոշման նախագիծ է մշակել, որով նախատեսվում է գործողությունների դիմել՝ համապատասխան Գուտերեշի նամակի, մասնավորապես՝ անմիջապես հումանիտար հրադադար հաստատել։ Սակայն ԱՄՆ-ն, որն Իսրայելի մտերիմ դաշնակիցն է, Անվտանգության խորհրդում վետոյի իրավունք ունի և չի աջակցում հրադադարին։

ՄԱԿ-ում Իսրայելի դեսպան Գիլադ Էրդանը հայտարարել է, որ գլխավոր քարտուղարը դիմել է 99-րդ հոդվածին, որպեսզի ճնշում գործադրի Իսրայելի վրա։ Էրդանը Գուտերեշին մեղադրել է Իսրայելի դեմ կողմնակալության համար։

«Հրադադար հաստատելու՝ գլխավոր քարտուղարի կոչն իրականում կոչ է՝ Գազայում պահելու ՀԱՄԱՍ-ի ահաբեկման իշխանությունը», - հայտարարել է Էրդանը։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը BBC Radio 4-ի «Today» ծրագրին հարցազրույցում հերքել է այն մեղադրանքները, թե կազմակերպությունը կողմնակալ է Իսրայելի նկատմամբ։

«Միակ կողմը, որին մենք աջակցում ենք, կյանքեր փրկելու կողմն է», - ասել է Դյուժարիկը:

Դյուժարիկը խոստովանել է, որ Գուտերեշի միջամտությունը չափազանց հազվադեպ քայլ է, սակայն նա ստիպված է եղել դա անել «մարդկային տառապանքի մասշտաբների» պատճառով։

Հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալները ներխուժել էին Իսրայել՝ սպանվելով ավելի քան 1200 մարդու, գերեվարելով շուրջ 240-ին։ 7-օրյա հրադադարի ընթացքում 100-ից ավելի պատանդ փոխանակվել է Իսրայելում բանտարկված 240 պաղեստինցի բանտարկյալների հետ։ Ավելի քան 130 պատանդ դեռ ՀԱՄԱՍ-ի մոտ է։

Իսրայելը խոստացել է վերացնել ՀԱՄԱՍ-ը և ռազմական գործողությունները ծավալել է նաև Գազայի հատվածի հարավում։ Իսրայելական հարվածների հետևանքով ավելի քան 16 200 պաղեստինցի է զոհվել։ Գազայի հատվածի 2,3 մլն բնակչության շուրջ 80 %-ը տեղահանվել է։

--00—ԼՀ