ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք կսպասարկվեն նաև շաբաթ օրերին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

լղ

Առաջիկա շաբաթ օրերին ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Երևանի անձնագրային ստորաբաժանումները կսպասարկեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։

Չնայած այն հանգամանքին, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը Երևանի անձնագրային ծառայություններում տեղահանության առաջին իսկ օրվանից սպասարկվում է արտահերթ ռեժիմով՝ առանց էլեկտրոնային հերթագրման պահանջի, այդուհանդերձ, տեղերում կուտակումներ են առաջանում և կենդանի հերթերը վերահսկելու դժվարություններ:

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և ժամանակավոր պաշտպանության տակ վերցված անձանց Հայաստանի Հանրապետությունում հաշվառելու և փաստաթղթավորման գործընթացը պատշաճ կազմակերպելու, եղած պահանջարկը սեղմ ժամկետներում սպասարկելու նպատակով ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության Երևանի տարածքային անձնագրային ստորաբաժանումներում առաջիկա շաբաթ օրերը՝ 2023 թ. դեկտեմբերի 16-ը և 23-ը, սահմանվել են աշխատանքային՝ ժամը 9.00-ից մինչև 18.00-ն աշխատանքային ռեժիմով:

--00--ԼՀ