Փաշինյանի «ֆանտաստիկ» հաշվարկով Ալիևը «գցելու է» ռուսներին. սա ուղիղ տոմս է դեպի աղետ. Զուրաբյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, 24News

Մենք տեսնում ենք շատ լուրջ դիսոնանս, թե ինչպես են բանակցային գործընթացը ներկայացնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով շուտափույթ խաղաղության մասին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ հայտարարելով Երևանը «Էրիվան» ու անելով այլ ծավալապաշտական հայտարարություններ։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հարցազրույցի ժամանակ նշել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

«Սա նշանակում է, որ կա'մ Նիկոլը, կա՜մ Ալիևը, կա՜մ էլ երկուսով միասին ադեկվատ չեն, պետք է տրվի բացատրություն տեղի ունեցածին։ Մեր իշխանական պրոպագանդան ասում է, թե ուր որ է լինելու է Նիկոլ Փաշինյանի նախագծած խաղաղությունը, մինչդեռ Ալիևի պնդումներից մենք հասկանում ենք, որ դա չի համապատասխանում իրականությանը», - նկատել է նա։

Զուրաբյանն ուշադրություն է հրավիրում Ալիևի այն հայտարարությանը, թե նա գնում է նոր ընտրության՝ նոր նպատակների հասնելու համար։ «Եթե նա խաղաղության պայմանագիր կնքելուց հետո գնար արտահերթ նախագահական ընտրությունների, մենք կարող էինք համարել, թե նա պատրաստվում է ամրապնդել խաղաղությունը՝ ստանալով նոր մանդատ։ Բայց մենք տեսնում ենք, որ նա աչքը դրել է կոնկրետ Սյունիքի վրա և նոր նպատակների տրամաբանությամբ ասում է, թե պետք է լուծենք այս հարցը», - հավելել է Զուրաբյանը։

Խոսելով ստեղծված իրավիճակի պատճառների մասին՝ ՀԱԿ փոխնախագահը հիշեցնում է, որ 2020-ի անփառունակ պատերազմից հետո Փաշինյանը ստորագրեց նոյեմբերի 9-ի հայտարարությունը։

«Եկեք բաց խոսենք, դա պլան էր, որը նախատեսում էր երկու կոմունիկացիաների ապահովում, այսինքն խաղաղություն, որը պետք է հիմնվեր երկու կոմունիկացիաների վրա։ Ռուսներն ըստ էության մեզ ասում էին, որ պահում ենք Ղարաբաղն ու Լաչինի միջանցքը, իսկ ադրբեջանցիները կունենան ճանապարհ, որը կլինի կրկին ռուսների վերահսկողության տակ և կկապի Ադրբեջանը Նախիջևանի ու Թուրքիայի հետ։ Ալիևը երկու տարի շարունակ սպասում էր այդ պլանի իրագործմանն ու սպառնում էր, որ եթե Հայաստանը չիրագործի այդ պլանը, ես փակելու եմ Լաչինի միջանցքը։ Հասանելի խաղաղության պլանը դա էր։ Իրականում, այն, ինչ արեց Փաշինյանը, հասանելի խաղաղությունից փախուստ էր։ Նա մտավ տարօրինակ ավանտյուրայի մեջ՝ մտածելով, թե ՌԴ-ն Ուկրաինայում անհաջողություն է կրում, որոշեց փախնել դեպի Արևմուտք», - ընդգծել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ