ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի շրջանակում կարևորում ենք ՀՀ-ի և Հունաստանի հետ համագործակցությունը. Պապիկյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

Հայաստանի և Հունաստանի միջև հարաբերություններում իր ուրույն տեղն ունի պաշտպանության ոլորտի համագործակցությունը, այն իրականացվում է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով, որոնց մի մասն ավանդական բնույթ են կրում և իրականացվում են ՀՀ անկախումից հետո երկու երկրների միջև ձևավորված պաշտպանության բնագավառում համագործակցության հենց սկզբից, իսկ մյուս մասը պայմանավորվածությունների արդյունքում ձևավորված նոր ոլորտներում։ Այս մասին Հունաստանի ՊՆ ղեկավար Նիկոլաոս Դենդիասի հետ համատեղ մամուլի ասուլիսին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Պապիկյանը նշել է, որ իր գործընկերոջը ներկայացրել է ՀՀ-ում տեղի ունեցող պաշտպանական բարեփոխումների ընթացքը և կարևորվել է բարեկամ Հունաստանի փորձագիտական և գործնական աջակցության կարիքը այս հարցում․ «Հանդիպմանը քննարկել ենք ռազմատեխնիկական համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես, կարևորել ենք 2023 թվականին Հունաստան կատարած իմ այցի ժամանակ ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումը»։

Նախարարը հավելել է, որ երկու երկրները ունեն միևնույն մոտեցումները տարածաշրջանային և միջազգային անվտանգության միջավայրի ամրապնդման ուղղությամբ․ «Քննարկել ենք նաև Հայաստան-Կիպրոս-Հունաստան եռակողմ ձևաչափով համագործակցությունը, կարևորել ենք միջազգային կազմակերպությունների, մասնավորապես, ԵՄ-ՆԱՏՕ շրջանակներում երկու երկրների սերտ համագործակցությունը»,-ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ