Փաշինյանը ջրից չոր է ուզում դուրս գալ, ՀՀ-ի շուրջ մարտահրավերները գցում է Արցախի իշխանության վրա

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News

Հորեղբորս՝ Սարգիս Գալստյանին, ներկայացված մեղադրանքն իրավապահների տիրույթում է, հերքող կամ հաստատող հստակ ինֆորմացիա չունեմ։ Ինձ համար էլ զարմանալի էր իր ձերբակալությունը, տևական ժամանակ իր հետ կապ չկար, մամուլից եմ իմացել տեղեկությունները, այդ իսկ պատճառով զերծ կմնամ մեկնաբանություններ անելուց։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱՀ «Արդարություն» խմբակցության ղեկավար, «Արդարություն և վերադարձ» ՀԿ համահիմնադիր Դավիթ Գալստյանը՝ անդրադառնալով Սարգիս Գալստյանի կալանավորմանը և լրտեսության կասկածանքով ներկայացված մեղադրանքին։

Դիտարկմանը՝ չե՞ք բացառում, որ նա կարող էր լրտեսությամբ զբաղվել, Գալստյանը նկատեց, որ Սարգիս Գալստյանն իր աշխատանքային կարիերան սկսել է ԱԱԾ-ից և ինքը չի կարող մեկնաբանել նրա գործունեությունը․ «Սարգիս Գալստյանը ԱԱԾ-ից է սկսել իր կարիերան, լավ գիտակցում է, թե ինչ հոդված է լրտեսությունը, գուշակություն չեմ կարող անել, վեց ամիս է՝ տեղյակ չեմ՝ ինչ է կատարվել Արցախում։ Սարգիս Գալստյանի հետ ազգական ենք, բայց քաղաքական դաշտում համակիր չէինք, 2020-ին Արցախում ես այլ դաշտում էի, ինքը՝ այլ»։

Անդրադառնալով Փաշինյանի՝ կառավարության նիստի ժամանակ արած հայտարարությանը, թե Հայաստանում մեկ կառավարություն կա, և վտարանդի կառավարությունը սպառնալիք է ՀՀ-ի անվտանգությանը, Գալստյանը նշեց, որ իրենց գործունեությունը ՀՀ-ի դեմ կամ զուգահեռ չէ, իրենք պայքարում են Արցախի ժողովրդի իրավունքի իրացման համար․ «Արցախի պետական ինստիտուտները սպառնալիք չեն եղել և չեն լինի, Փաշինյանը ջրից չոր է ուզում դուրս գալ, Հայաստանի շուրջ մարտահրավերներն ուզում է գցել Արցախի ղեկավարության վրա»։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ